Ի՞ՆՉ ԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանն իր «Շոկո ֆաբրիկա» երգով ելույթ է ունենալու երրորդ համարի ներքո:

Ըստ վիճակահանության` մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետեւյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Ադրբեջան, Հայաստան, Սան Մարինո, Մակեդոնիա, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Նիդերլանդներ, Մալթա, Ռուսաստան։ Փաստորեն, մրցույթին մասնակցելու է ընդամենը 12 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Սա խոսում է այն մասին, որ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը, մեղմ ասած, մեծ չէ։ Յոթ երկիր ներկայացնում են նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, այսինքն՝ երկրներ, որոնք նոր են, այսպես ասած, սկսում ըմբոշխնել ժողովրդավարության ու եվրոպականացման համն ու հոտը։ Լուրջ երկրներից կարելի է առանձնացնել Շվեդիան, Նիդերլանդները, որոնց դավանած ազատությունը, ճիշտն ասած, մեր եւ շատերի քիմքին հարմար չէ։ Եվ այս դեպքում հերթական անգամ հարց է առաջանում. ո՞ւմ է պետք նման ծախսատար ու կասկածելի արժեքներ դավանող մրցույթը, եթե դրանից, նաեւ ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ, հրաժարվում են շատ ավելի հարուստ երկրներ։ Բացի այդ` վերջին օրերին շատերն են մեծերի «Եվրատեսիլ»-ը բոյկոտելու կոչեր հնչեցնում՝ հաշվի առնելով դրան տրանսվիստիտ ավստրիացու մասնակցության հանգամանքը։
Ինչեւէ. «Մանկական Եվրատեսիլ-2013»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւում` «Եղի՛ր ստեղծագործ» կարգախոսի ներքո, տարբերանշանն է Puzzle Man-ը: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: Հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն, թեեւ դեռ հայտնի չէ, թե ինչ ձեւաչափով:
Նշենք նաեւ, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցեց 2007թ., երբ «Արեւիկ» մանկական խումբն իր «Երազանք» երգով երկրորդ տեղը գրավեց՝ զիջելով ընդամենը 1 միավորով: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան եւ զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցեց Լուարա Հայրապետյանը՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում, մեր երկիրը ներկայացրեց Դալիթան՝ հայտնվելով 5-րդ տեղում: Իսկ 2012-ին Հայաստանը ներկայացրեց «Compass band» խումբը եւ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս