«ՄԻԱՅՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՆԴԻՐ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում նախարարները նշանակվում են` կուսակցական պատկանելությունը հաշվի առնելով: Եվ արդեն քանի տարի այդ պաշտոնակռվի առաջատարը ՀՀԿ-ն է, որը երբեմն կոալիցիոն հիմունքներով որեւէ աթոռ զիջում է գործընկեր կուսակցությանը։ Ժամանակին Հասմիկ Պողոսյանը ՀՀ մշակույթի նախարար նշանակվեց Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի քվոտայով։ Նշանակվեց ու մնաց արդեն յոթ տարուց ավելի։ Իսկ ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը։

Մինչ մեր հարցի պատասխանն ստանալը պատմական էքսկուրս կատարենք՝ հիշելով մեր մշակույթի նախարարներին։ 1918-1920թթ. կրթությունը եւ մշակույթը եղել են միասնական, ու գործել է ՀՀ հանրային կրթության եւ արվեստի նախարարություն։ Այդ պաշտոնը ընդամենը երկու տարվա ընթացքում զբաղեցրել են վեց նախարարներ, որոնցից առավել հայտնին գրականագետ, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանն է. նա պաշտոնավարել է ընդամենը իննուկես ամիս, մյուսները՝ նրանից ավելի քիչ։ Իսկ, օրինակ, Վահան Մինախորյան ազգանունով մեկը՝ տասն օր։
ՀԽՍՀ-ում 1920-1953թթ. կրթության եւ արվեստի ոլորտը ղեկավարող նախարարները կոչվել են լուսավորության ժողովրդական կոմիսարներ։ Պատմաբան, ակադեմիկոս, պետական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը պաշտոնավարել է մոտ մեկ տարի, գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս Պողոս Մակինցյանը՝ մոտ ինն ամիս, ամենից շատ այդ աթոռն զբաղեցրել է կուսակցական, պետական գործիչ, «Սովետական Հայաստան» թերթի խմբագիր Ասքանազ Մռավյանը՝ մոտ յոթ տարի… Դե, հեղափոխական տարիներ էին. մեկին աքսորում էին, մյուսին՝ գնդակահարում…
1953-1991թթ. արդեն կային կուլտուրայի (մշակույթի) նախարարներ։ Ամենաքիչը պաշտոնավարել են Զավեն Գրիգորյանը եւ Հովհաննես Բաղդասարյանը՝ ինն ամիս, իսկ, օրինակ, ՀԽՍՀ վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանը՝ հինգ տարի։
Իսկ նորանկախ Հայաստանի Հանրապետությունում 1991թ. մինչ օրս ունեցել ենք մշակույթի ութ նախարար: Գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պաշտոնավարել է ընդամենը մեկ տարի, բանաստեղծ Հակոբ (Մովսես) Հակոբյանը՝ մոտ հինգ տարի, Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, որը հայտնի է նաեւ որպես Հասմիկ Պողոսյանի հովանավոր, մեկ տարի հինգ ամիս, արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը՝ հինգ տարի մեկ ամիս, նախկին ՕԵԿ-ական, այսօր ԲՀԿ-ական Թամար Պողոսյանը՝ մոտ տասնմեկ ամիս, բանաստեղծ Հովիկ Հովեյանը՝ մեկ տարի ութ ամիս, այսօր Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը՝ երեքուկես ամիս եւ, վերջապես, Հասմիկ Պողոսյանը պաշտոնավարում է 2006թ. մայիսի 25-ից, այսինքն՝ արդեն յոթուկես տարի։ Իսկ ո՞րն է Պողոսյանի` որպես նախարար, երկարակեցության գաղտնիքը։ Այդ հարցն ուղղեցինք հայտնի կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանին, որը, պարզվեց, խնդիրը բոլորովին այլ հարթությունում է տեսնում:
-Խնդիրը միայն մշակութային չէ, այն բազմաբեւեռ է։ Միայն մշակույթի նախարարը ոչ մի բան ո՛չ որոշում է, ո՛չ էլ կարող է որոշել։ Միանշանակ, գլոբալ կառուցվածքային փոփոխությունների կարիք կա, եւ միայն հիմար մարդը կարող է դա չընդունել։ Մշակութային քաղաքականությունն ինձ համար մի քիչ ավելի լայն հասկացողություն է այն առումով, որ ես եւ ընդհանրապես յուրաքանչյուր արվեստագետ կինոդիտող, լսարան է կորցնում, ու սա ավելի շատ կրթական խնդիր է։ Եվ այդ իսկ պատճառով մի քիչ պիտի վեկտորը փոխվի, իսկ դրա համար լուրջ աշխատանք է պահանջվում։ Եվ դա միայն նախարարի անձով չէ պայմանավորված։
-Կարծում եք` նոր նախարարի նշանակմամբ էական փոփոխություններ չե՞ն լինի:
-Հանենք մեկին, մյուսին դնենք, ի՞նչ պիտի փոխվի։ Ոչ մի բան։ Եթե չկան կառուցվածքային փոփոխություններ։ Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն էի լսում գրականագետների հետ հանդիպման ժամանակ։ Եթե նույնիսկ այդ ելույթը դեկլարատիվ էր, եթե վարկանիշային հանդիպում էր, ամեն դեպքում, մարդը խորքային լավ պատկերացնում է բարձր արվեստի, մնայուն արժեքների հարցը։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ մեր իշխանավորները դա հասկանում են։ Մեզ մոտ իշխողը հետեւյալ մտածելակերպն է. փող է բերում, ուրեմն լավն է, փող չի բերում, վատն է։ Ես չգիտեմ՝ նման վայրագ կապիտալիստական մոտեցում մշակույթի նկատմամբ որեւէ այլ երկրում կա՞։ Գնացե՛ք, «Մոսկվա» կինոթատրոնը տեսե՛ք. ավելի լավ է՝ չունենանք, քան թե այդպիսին ունենանք։ Այս ամենը վկայում է, որ սա միայն մշակույթի նախարարի խնդիր չէ, եւ անիմաստ է խոսել Հասմիկ Պողոսյանի կամ մեկ այլ նախարարի՝ երկար կամ կարճ ժամանակ պաշտոնավարելու գաղտնիքի մասին։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս