ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, եթե կազմակերպությունը զինվորական հաշվառման գրանցամատյանը չի հաշվառում, ապա այդ դեպքում գործատուն վարչական պատասխանատվության ենթարկվո՞ւմ է: Եթե այո, ապա ինչպիսի՞:
Արմեն Հարությունյան (54 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն՝ զինապարտների կողմից «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հիշեցնենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածների համաձայն՝
– զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան), զորակոչիկների (18-27 տարեկան) եւ պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային եւ զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է,
– զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը,
– աշխատող եւ սովորող զինապարտների զինվորական հաշվառումը կատարվում է նաեւ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում եւ ուսումնական հաստատություններում:
«Իրավունքի իրազեկում» հ/կ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր անձ՝ լինի գործատու, շարքային քաղաքացի կամ բարձրաստիճան պաշտոնյա, պարտավոր է հարգել օրենքն ու առաջնորդվել դրա կետերով: Բայց համաձայնե՛ք, որ մեր օրերում նմանատիպ խախտումներ բավական հաճախ են լինում: Ուստի նման ահռելի տուգանքներից զերծ մնալու համար կարելի է պարզապես որեւէ գործունեություն իրականացնելուց առաջ հիմնովին ծանոթանալ սահմանված կարգին:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Եթե զինծառայողը հիվանդության կամ վնասվածքի պատճառով համապատասխան զննումն անցնում է եւ ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, ապա նա կարո՞ղ է հաշմանդամ ճանաչվել:
Նելլի Հակոբյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ զինծառայողը հաշմանդամ է ճանաչվում, եթե զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված` օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներն առաջացրել են կենսագործունեության որեւէ տեսակի եւ որեւէ աստիճանի սահմանափակում եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: (Հիմք` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված):
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում բժշկական համապատասխան հանձնաժողով անցնելն ու հաշմանդամության կարգ ստանալը երկարատեւ ու ժամանակատար գործընթաց է: Որոշ դեպքերում հիվանդին առողջ են դարձնում, որոշ դեպքերում էլ` առողջին ծանր հիվանդ: Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ երկու տարի առաջ ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում իրավիճակի որոշակի բարելավում նկատվում է: