ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը միշտ գործել և գործում է «Քաղաքականությունն իմ բիզնեսն է» նշանաբանով՝ արդեն երկար ժամանակ զարմացնելով ողջ հանրությանը:
Արթուր Բաղդասարյանի քաղաքական կարիերան «բացառիկներից» մեկն է մեր պետության պատմության մեջ:
1985-ին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, 1988-89-ին` ծառայել բանակում, 1992-ին` ավարտել համալսարանը, իսկ 1993-ին` 25 տարեկան հասակում, ընտրվել Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:
1994-1997 թթ. սովորել և ավարտել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան, իսկ 1995-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունն ու ստացել իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Հենց 1995-ին էլ, Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությամբ, Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր: Բարեբեր 1995-ին նա նաև ընտրվել է Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միության նախագահ: Երկու տարի խորհրդարանում լռելուց և որեւէ հարց չհնչեցնելուց հետո նա միայն 1997-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հռետորական հարց տվեց.«Ո՞ւր է գնում մեր պետությունը»: Այս հարցն էլ դարձավ նրա քաղաքական նոր վերելքի երաշխիքը:
Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Հենց այդ ժամանակ էլ նա հայտնվեց Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում ստեղծվեց «Օրինաց երկիր» կուսակցությունը:
Մոռանալով Լևոն Տեր-Պետրոսյանին արված «սիրո խոստովանությունը», անգամ` նրա մասին գրած իր գիրքը` Արթուր Բաղդասարյանը մղվեց դեպի Սերժ Սարգսյանը` հասկանալով, որ տիրոջը փոխելու լավագույն ժամանակն է:
1999 թ. մայիսին նա երկրորդ անգամ ԱԺ պատգամավոր ընտրվեց Շենգավիթի թիվ 21 ընտրատարածքից և դարձավ ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար:
Բաղդասարյանի մասին հրապարակային խոսակցություններ ծավալվեցին 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ահաբեկիչների` դահլիճ մտնելուց բառացիորեն 5 րոպե առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավարն ու մյուս 5 անդամները լքել էին դահլիճը…
2003-ին կոալիցիոն հուշագրի սահմաններում Արթուր Բաղդասարյանը դարձավ ԱԺ նախագահ:
Ռոբերտ Քոչարյանը կարողացավ Արթուր Բաղդասարյանին դարձնել երկրի երկրորդ դեմքը` այսպիսով իր ձեռքը վերցնելով նաև խորհրդարանը: ԱԺ նախագահ աշխատելու շրջանում Արթուր Բաղդասարյանը մեծ զարկ տվեց իր պոպուլիստական գործունեությանը, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե նա ինչ արեց յուրաքանչյուր տարի բարեգործությունների և հանրային գործունեության համար ԱԺ նախագահին տրամադրվող 25 միլիոն դրամը:
ԱԺ նախագահության ընթացքում Արթուր Բաղդասարյանը, «նալոգներ» դնելով ՕԵԿ-ական օլիգարխների և նախարարների վրա, Աբովյան 8 հասցեում կառուցեց կուսակցության հսկայածավալ շենքը, որը հետո իր քեռու անունով գրանցելով` դարձրեց ինչ-որ անհայտ ՍՊԸ-ի սեփականություն:
Երբ ընդդիմադիր կեցվածք ընդունելով` Բաղդասարյանը 2006-ի մայիսի 29-ին հեռացավ ԱԺ նախագահի պաշտոնից, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նա բազմաթիվ մսխումներ եւ յուրացումներ է արել, մասնավորաբար, մեծ ծախսումներ ու գերածախսեր կան բենզինի կտրոնների մասով…
2008թ. նա նախագահական մրցապայքար մտավ հրեշտակային թևիկներով ու «մաքրամաքուր» մտքերով: Սակայն ժամանակին խոսակցություններ էին շրջանառվում, որ նախագահական ընտրություններում կեղծ ընդդիմություն ներկայանալու և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները փոշիացնելու համար Արթուր Բաղդասարյանին խոշոր դրամական պարգև է խոստացվել:
2008թ. նախագահական ընտրություններից հետո Բաղդասարյանը ստանձնեց ԱԽՔ-ի պաշտոնը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով հայտարարել էր, թե Ա. Բաղդասարյանի` ԱԺ նախագահ եղած ժամանակ Անվտանգության խորհրդի նիստեր չեն արել` վախենալով, որ Արթուր Բաղդասարյանը գաղտնիքները կարող է փոխանցել օտարերկրյա աղբյուրներին: Եվ այդքանից հետո երկրի անվտանգության հարցերը հանձնվեցին «մատնիչին»:
Այն, որ ՕԵԿ առաջնորդը «սարքովի» ընդդիմություն էր և կատարում էր երկրի իշխանությունների հանձնարարականները, ինքնին պարզ էր:
Վերջերս իշխող կոալիցիայից ՕԵԿ-ը դուրս եկավ՝ դժգոհելով ու ձևացնելով, թե իբր նեղացած ու վիրավորված է ՀՀԿ-ից: Մինչդեռ մինչև վերջերս նույն ՕԵԿ-ը հավատարմության երդումներ էր տալիս կոալիցիոն գործընկերոջը՝ հայտարարելով, թե մինչև 2017թ. իրենք լինելու են միասին, իսկ թերահավատողներին հայտարարում էր, թե ՕԵԿ-ը սկզբունքային ուժ է և կոալիցիայից դուրս չի գալու:
Նման հայտարարություններով ՕԵԿ-ականներն աչքի են ընկել նաև այլ դեպքերում: Նույնիսկ 2010թ. և 2013թ. Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նրանք նշել էին, թե իրենց բոլոր մտահոգություններն առկա են այդ ծրագրում, և իրենք կողմ են: Այսօր, սակայն, նույն ՕԵԿ-ականները պնդում են` ՀՀԿ-ն իրենց բանի տեղ չի դրել:
Սակայն ՕԵԿ-ի հասցեին դրական խոսքեր ՀՀԿ-ականներն ու նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ շռայլել են, անվանել վստահելի գործընկեր: Նույնիսկ մի առիթով նախագահը նշել էր, թե ՕԵԿ-ն իր օրինակով ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյական է: Իրոք որ, ՕԵԿ-ը գործընկերներին մշտապես դավաճանելու ունակությամբ միշտ էլ առաջին հորիզոնականում է:
Թե ԱԺ նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակաշրջանում, թե դրանից հետո Արթուր Բաղդասարյանն իրապես դարձավ ընդհատակյա օլիգարխ` ձեռք բերելով հսկայական հարստություններ: Նա սեփականություն ունի նաև Ջրվեժում, Կասկադում: Գյումրիում և Վանաձորում կառուցված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մասնաճյուղերի շենքերը ևս նրա տնօրինության տակ են… Պաշտոնյա-օլիգարխ Արթուր Բաղդասարյանը ֆինանսական հարաբերություններով էր կարգավորում նաև պաշտոնների նշանակումն ու պատգամավորական տեղերը:
Ինչպես և սպասելի էր, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում նա ներկայացրել է իր կարողության մի փոքր մասը միայն:
Ըստ այդ հայտրարագրի` նա դեռևս 2013-ի սկզբին ունեցել է ընդամենը 5 մլն դրամ, որը, սակայն, տարվա վերջին շեշտակիորեն աճելով դարձել է 25 մլն դրամ: Նա ունի նաև 20 հազար դոլար, որը տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել: Ամբողջ մեկ տարվա ընթացքում Բաղդասարյանին հաջողվել էր վաստակել 29 մլն-ից ավել գումար:
Նրան է պատկանում նաև «Հայասի գրուպ»-ը, որը պարբերաբար մաքսային կանոնների խախտումների համար տուգանքների է ենթարկվում: Հրաժեշտի ասուլիսի ժամանակ Բաղդասարյանը հայտարարել էր, թե վարկերով է կառուցել իր գործարանը, հիմա էլ վարկերի տակ է: Եվ արդարացել էր ,թե գործարանը կառուցել է, քանի որ, իր խոսքով՝ չէր հարող 250 հազար դրամ աշխատավարձով ապրել:
Նարեկ Լևոնյան, Նաիրա Հովհաննիսյան