Դանիայի մայրաքաղաքում կայացած «Եվրատեսիլ-2014»-ը հաստատել է քաղաքականացված երաժշտական շոուի իր համբավը. գրում է դանիական «Ռիստարս բյուրո» տեղեկատվական գործակալությունը: Թեև «Եվրատեսիլն առաջին հերթին տոն է, Կոպենհագենում տեղի ունեցավ ակնհայտ քաղաքական քվեարկություն», – նշում է գործակալությունը:
«Հանդիսատեսը քվեարկում էր Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի օգտին, քանի որ նրանց դուր չի գալիս քաղաքական իրավիճակը», – գործակալությանը հայտնել է դանիացի հանդիսատես Պատրիկ վան դեռ Պլոեգը:
Մասնավորապես, դանիացիներն ամենաքիչ ձայները տվել էին Ռուսաստանին, որն իրենց քվեարկության արդյունքներով զբաղեցրել էր ընդամենը 21-րդ տեղը:
Ձայների եզրափակիչ հաշվարկման տվյալներով՝ Կոպենհագենում հաղթող դարձավ Ավստրիայի մասնակիցը՝ մորուքավոր կնոջ կերպարով: Կոնչիտա Վուրստ մականունով ավստրիացին հավաքել էր 290 միավոր:
«Բեռլինսկե» թերթը գրում է, որ կոպենհագենյան մրցույթը կմտնի լիբերալիզմի և բազմազանության պատմության մեջ», խոստովանելով, որ «Եվրատեսիլ 2014»-ում հաղթել է ամենևին էլ ոչ լավագույն երգը: