Օրեր առաջ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, լրագրողների համար պարզաբանելով շրջանառության մեջ դրված Այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքի նախագիծը, այն ներկայացրել է որպես բիզնեսին տրված շանս և ասել. «Տարբեր պատճառներով՝ հաշվապահին ստուգելու, փայատերերի և օտարերկրյա ներդրողների հետ հարաբերությունները ճշտելու համար բիզնեսին հետաքրքիր է հարկային փաստաթուղթը, աուդիտը»: Այս կապակցությամբ մեր հարցերին պատասխանել է ոլորտի փորձագետ Էդուարդ Բադալյանը
Ինչպե՞ս կգնահատեք Ֆինանսների նախարարի այս պարզաբանումը:
Ֆինանսների նախարարի այս պարզաբանումից տպավորություն է, որ սա ավելի շատ վատ ստացված հիմնավորում է: Փոքր ինչ դժվար է հավատալ, որ այս նախագիծը հենց պարոն Խաչատրյանի ներկայացրած պատճառներով է դրվել շրջանառության մեջ:
Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների անցկացման և կազմակերպման մասին ՀՀ Օրենքն ի սկզբանե, ընդհուպ մինչև այժմ տնտեսվարողներին` տնտեսվարող սուբյեկտի համապատասխան պաշտոնատար անձին տալիս է հարկային մարմնին դիմելու հնարավորություն, որպեսզի վերջիններս ստուգում իրականացնեն իր կազմակերպությունում` թեկուզ և իրենց «հաշվապահին ստուգելու» համար: Մյուս կողմից, նույն ՀՀ գործող օրենսդրության համաձայն հարկային մարմինն ուղղակի պարտավոր է բավարարել տնտեսվարողի դիմումն՝ իր ցանկությամբ ստուգում իրականացնելու իր իսկ կազմակերպությունում:
Չնայած հնչեցված պարզաբանմանը, նախարարն ակնհայտորեն տեղյակ է ստուգումների մասին ՀՀ օրենքի բոլոր առանձնահատկություններին և մասնավորապես արդեն նշածս դրույթներին:
Բայց չէ՞ որ այս դեպքում հարկատուի մոտ խախտումների հայտնաբերման դեպքում չեն կիրառվելու օրենքով ներկայում սահմանված տույժերն ու տուգանքները, որոնք կարծես թե շուրջ 60 տոկոս են կազմում:
Այո իհարկե: Կարելի է տրամաբանություն գտնել այն բանում, որ հարկատուին` ով կամավոր կերպով ցանկանում է ստուգվել, այսինքն ցանկանում է, որ իր գործունեությունը լինի օրենքի սահմաններում և ցանկանում է գտնել իր հնարավոր թերացումները, արդարացի կլինի տալ որոշակի արտոնություններ: Բայց չէ որ այս հարցը կարելի է լուծել ներկայիս ստուգումների իրականացումը կարգավորող օրենքում ոչ մեծ փոփոխությունների իրականացման միջոցով և, որ ամենակարևորն է՝ առանց լրացուցիչ վճարների:
Նախարարը նշեց նաև, որ այս նախագիծը նոր չէ և որ հենց բիզնեսի ներկայացուցիչներն են դիմել այսպիսի օրենք ունենալու առաջարկությամբ:
Այո, այս նախագիծը նոր չէ: ՊԵԿ կողմից դեռևս տարիներ առաջ առաջարկվել է այն, սակայն որքան ես եմ տեղյակ, այն ժամանակ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները տվել են բացասական եզրակացություն, և ի վերջո նախագիծը հանվել էր շրջանառությունից: Ներկայում ՊԵԿ և Ֆինանսների նախարարության միավորման արդյունքում թերևս համարվել է, որ ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ նախագիծը վերջապես ընդունելու համար: Հենց այսպիսի իրավիճակներն ի նկատի ունեին մասնագետները, երբ կարծիք էին հայտնում, որ ֆինանսների նախարարությունն ու հարկային մարմինները պետք է լինեն տարբեր կառույցներ, որպեսզի հակակշռեն միմյանց: Ներկայում այդ հակակշիռը վերացվեց, ու չնայած նախկինում էլ այս հարցում կշեռքի նժարներից առավել ծանր էր ՊԵԿ նժարը, սակայն այժմ կարելի է ասել, որ կշեռքն ունի ընդամենը մեկ նժար:
Ինչ վերաբերվում է բիզնեսի դիմումներին: Վերջին շրջանում անձամբ շփվել եմ բիզնեսի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հետ: Նրանցից որևէ մեկից չեմ լսել դրական կարծիք: Ընդհանուր սպասումները բացասական են: Մասնագետների, փորձագետների կարծիքները ևս գերազանցապես բացասական են: Բացասական կարծիք են հայտնել նաև մասնագիտական տարբեր միություններ` հաշվապահների ասոցիացիան, հայ-ամերիկյան առևտրի պալատը: Սոցիալական ցանցերում ստեղծված մասնագիտական խմբերում ևս դրական կարծիքները բացակայում են:
Այս ֆոնին, կասկածելի է դառնում, թե ինչու են որոշ գործարարներ դիմել այսպիսի առաջարկով: Ովքե՞ր են դիմել և արդյոք վերջիններիս մոտ ամեն ինչ կարգին է: Կարծում եմ, ճիշտ կլիներ նման իրավիճակում ոչ թե բավարարել փոքրաթիվ դիմողների կարծիքը, այլ նախագիծը քննարկել բիզնեսի և մասնագիտական առավել լայն հանրության հետ ու միաժամանակ միջոցներ ձեռնարկել հասկանալու, թե ինչպիսին են այս օրենքի ջատագով գործարարների շարժառիթները: Նաեւ հետաքրքիր կլիներ, որ ներկայանային այդ օրենքի անհրաժեշտության համար դիմող կոնկրետ գործարարներ եւ հանրությանը ներկայացնեին, թե ինչու են զգում այդ օրենքի կարիքը:
Իսկ ինչ կոնկրետ մտահոգություններ եք տեսնում այս նախագծի հետ կապված:
Օրենքի ընդունումով կավելանան հարկահավաքության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Այս օրենքը կրում է անբարեխիղճ հարկատու-հարկային ծառայություն պայմանավորվածությունների դաշտն ընդլայնելու ու նաև օրինական հիմքերի վրա դնելու զգալի պոտենցիալ: Այս մտահոգությունն ավելացնում ե նաև այն համագայնքը, որ նախագծի համաձայն, այլընտրանքային ստուգման ծառայության մատուցման համար նախատեսված վճարները կատարվելու են ոչ թե պետբյուջե, այլ հարկային մարմնի արտաբյուջետային հաշվին:
Հայտնի է, որ արտաբյուջետային հաշվից են կատարվում հարկայինի աշխատակիցների պարգևատրումները, մամուլում եղել են նաև աղմկահարույց հրապարակումներ ՊԵԿ արտաբյուջետային հաշվից կատարված անհասկանալի մեծ ծախսերի մասին, որոնք ուղղվել են նվերների գնմանը կամ կորպորատիվ միջոցառումների: Ընդհանրապես արտաբյուջետային ֆոնդի միջոցների ծախսումն առավել դյուրին է, քան պետբյուջեի միջոցների:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարում, եթե իհարկե նախագիծը ստանա օրենքի ուժ, այն դուր գա հարկատուներին և սկսի գործել, կրճատվելու են պետական բյուջեի մուտքերը:
Մտահոգիչ է նաև այլընտրանքային ստուգման իրականացման համար սահմանված գնային սանդղակը` 10-500 միլիոն ՀՀ դրամ: Կարելի է ենթադրել, որ այսպիսի սանդղակը սահմանվել է այն նպատակով, որպեսզի հետագա քննարկումների արդյունքում այն նվազի, օրինակ` դառնա 5 միլիոն դրամ: Արդյունքում սա կներկայացվի որպես շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված կոմպրոմիս և կներկայացվի որպես հարկատուներին ընդառաջ կատարված քայլ: Այսպիսի փորձ մենք արդեն ունենք (հիշենք ՀԴՄ սարքերի գների հետ կապված գործընթացը, երբ սկզբնապես սահմանվեց բարձր գին, ապա որոշակի դժգոհություններից հետո այն որոշակի սուբյեկտների համար իջեցվեց):
Այս օրենքն այս տեսքով միակն է աշխարհում: Մեզանում կարծես սպորտային հետաքրքրություն է առաջացել բացառիկ օրենքների ընդունման մասով: Հիշենք նոր սերնդի ՀԴՄ սարքերի հետ կապված խնդիրները: Այս սարքերն, ինչպես հայտարարվել է, ևս աշխարհում այլ տեղ չեն կիրառվում: Ինչպիսին է եղել դրանց կիրառման էֆեկտը` դժվար է ասել: Կարծես թե զգալի դրական արդյունքներ չկան:
Տպավորություն է ստեղծվում, որ կամ ՀՀ հարկային հարաբերությունների դաշտում փորձարկումներ են կատարվում, կամ դաշտը կարգավորվում է ինչ որ կոնկրետ շահերի սասարկման նպատակով:
Իսկ ինչպիսին է միջազգային փորձն այս ուղղությամբ:
Ընդհանրապես, միջազգային առաջավոր պրակտիկայում կարծես թե ընդունված չէ, երբ պետական մարմինը բիզնեսով է զբաղվում: Ներկայում այս երևույթը մեզանում ավելի ու ավելի է տարածվում:
Կան երկրներ, որտեղ ներդրված է ստուգումների այսպես ասած “այլընտրանքային” համակարգ, որը բարեհաջող գործում է: Հարկային մարմիններն իրենց ստուգումներն իրականացնելիս կամ ստուգումների իրականացման մասին որոշումներ ընդունելիս հաշվի են առնում և հիմնվում այն բանի վրա, թե արդյոք տվյալ կազմակերպությունը դիմել է աուդիտորական ընկերություններ, թե ոչ, և թե ինչպիսին է եղել աուդիտորական ընկերությունների եզրակացությունը:
Համակարգն առավել պարզ նկարագրելու համար պատկերացնենք, որ պետությունը ստեղծում է այդպիսի «այլընտրանքային» ստուգումներ իրականացնող աուդիտորական ընկերությունների լիցենզավորման որոշակի համակարգ, սահմանում հստակ չափանիշներ և վերահսկում նրանց գործունեությունը, որից հետո իր գործունեության ընթացքում հաշվի է առնում այս կազմակերպությունների կատարած ստուգումների արդյունքները:
Այս համակարգը բավական դրական է ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության համար: Մի կողմից, հարկային վերահսկողության ապահովման նպատակով ծախսվում են ավելի քիչ վարչական ռեսուրսներ, մյուս կողմից բիզնեսը զերծ է մնում հարկային մարմնի հետ հաճախակի շփումներից, զարգանում է նաև աուդիտորական և հաշվապահական ծառայությունների ոլորտը:
Մեզանում ևս առկա են աուդիտորների որակավորման և աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման բավական խիստ պայմաններ, իսկ ֆինանսների նախարարությունը բավական լուրջ վերահսկողություն էր իրականացնում ու թերևս կշարունակի իրականացնել այս կազմակերպությունների նկատմամբ: Բայց արի ու տես, որ վերջիններիս կողմից կատարված աշխատանքի արդյունքները բացարձակապես հաշվի չեն առնվում հարկային ստուգումների ժամանակ: Ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունն ինքն իր կողմից հսկվող, դրանով իսկ հենց իր կողմից իրականացվող հսկողական գործառույթներին չի վստահում:
Ինչպե՞ս կգնահատեք վերջին շրջանում կատարված և կատարվող հարկային օրենսդրության փոփոխություններն ընդհանրապես:
Հանուն արդարության պետք է նշել, որ տարիների ընթացքում ՊԵԿ գործունեության մեջ տեղի են ունեցել զգալի դրական փոփոխություններ: Սակայն համակարգում խնդիրներն այնքան շատ են եղել ու են, որ կատարվածն ամենևին բավարար չէ փոփոխություններին ընդհանուր առմամբ դրական գնահատական տալուն:
Բազմաթիվ խնդիրներ այս ընթացքում լուծվել են, բիզնեսի համար շատ ռիսկային գործընթացներ կրճատվել կամ վերացվել են: Սակայն փոխարենը ստեղծվել են նորերը: Մի կողմից կրճատվել է հարկային ստուգումների քանակը, մյուս կողմից ներդրվել է ասենք չափագրում հասկացությունը, որի ոչ հստակ սահմանման արդյունքում այն դարձել է հարկատուի ճնշման լրացուցիչ լծակ:
Խնդրահարույց է կատարվող օրենսդրական փոփոխությունների որակը: Ընդունվող իրավական ակտերում բազմաթիվ են տարընթերցումների տեղիք տվող, անհստակ ձևակերպումները, անտրամաբանական ձևական պահանջները, որոնք լուծելով մի խնդիրը, հանգեցնում են նորերի առաջացմանը: Այս կապակցությամբ հարկ է հիշել վերջերս տնտեսվարողների մոտ առաջացած խնդիրները, երբ հարկային մարմինը, չնայած հարկատուները ներկայացրել էին ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ դիմումներ, այնուամենայնիվ ցանկանում էր լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրել հարկատուներին` հիմնավորելով, որ վերջիններս ներկայացրել են դիմումի ոչ այն ձևը, որը նախատեսվել էր օրենքով: Մասնագետները կհիշեն, որ այս հարցը որոշակիորեն լուծվեց միայն վարչապետի միջամտության արդյունքում, երբ որոշվեց, որ այն դեպքերում, երբ հարկատուն դրսևորել է օրինապահ հարկատու վարքագիծ և պարտաճանաչ հաշվարկել ու կատարել է իր հարկային պարտավորությունները` նրանց նկատմամբ ձևական նկատառումներից ելնելով լրացուցիչ բարդություններ չպետք է ստեղծվեն:
Այսպես ասած բարեփոխումների դրական էֆեկտը չեզոքացնում է նաև փոփոխությունների կատարման հաճախակիությունը: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ նախատեսվող փոփոխությունները չեն ենթարկվում համապատասխան օբյեկտիվ փորձաքննության, հաշվի չեն առնվում դրանց կիրառման հետ կապված բոլոր հարցերը, ինչպես նաև օրենքներն ըդնունվում են առավելապես իրավիճակային լուծումների նպատակով: Արդյունքում կարճ ժամանակ հետո հարկ է լինում կրկին փոփոխություններ կատարել նոր ընդունված օրենքներում:
Բիզնեսն իր հերթին գտնվում է իրավական դաշտին մշտապես հարմարվելու գործընթացու, ինչն բավական մեծ ռեսուրսների ծախս է ենթադրում:
Ի դեպ, այս հարցի կապակցությամբ պետք է նկատել, որ ներկայում շրջանառության մեջ դրված օրինագծերից պետք է որ մտահոգիչ լինի ոչ միայն այլընտրանքային ստուգումների մասին օրինագիծը: Ներկայում փոփոխություններ են առաջարկվում նաև շրջանառության հարկի մասին, հարկերի մասին, եկամտային հարկի մասին և մի շարք այլ օրենքներում ևս, որոնք իմ կարծիքով պակաս մտահոգիչ չեն և որոնց մասին արդեն իսկ հարկ է բարձրաձայնել:
Քաղաքացի-Հարկատու-Բիզնես իրավապաշտպան կազմակերպություն