Բազմիցս նշվել է, որ «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի ոդիսականը շարունակվում է, որում նշվում են մի շարք բարձրաստիճան վաշխառու պաշտոնյաների` ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականի` Ռազմիկ Ավագյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու` Դավիթ Բեգլարյանի և այլոց անուններ:
Հերմինե Նաղդալյանը, ինչպես գործով դատական նիստերից մեկի ժամանակ վկայեց կոոպերատիվի ախագահ Արմեն Թադևոսյանը, 2011 թվականի նոյեմբերի 7-ին իր ներկայությամբ ապտակել է ՀՔԾ Հատուկ քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանին, ձեռքում եղած թղթերը շպրտում վերջինիս երեսին և ասում, թե «քանի՞ գլխանի եք, որ ամուսնուս վաշխառու եք ճանաչել»:
Նույն օրը Հ. Նաղդալյանը սպառնալիքով, թե նման որոշում կայացրած քննիչներին կազատի աշխատանքից, որոշումը փոխել է տալիս:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը 300 հազար ԱՄՆ դոլար ամսեկան 5%-ով տոկսով գումար է տվել Արմեն Թադևոսյանին և դրա դիմաց` որպես գրավ, վերցրել 14 բնակարաններ: Բնակարաններից 6-ը գումարի դիմաց վերադարձրել է, իսկ 8-ը` ոչ: Ավելին` Ա. Թադևոսյանի խոսքերով, Հ. Նաղդալյանը մյուս բնակիչներին ասել է, թե «դուք բնակարաններ չունեք, ու եթե գաք այստեղ, բոլորիդ կխփեմ»:
Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ Թադևոսյանի` դատարանում տված ցուցմունքներից պարզ էր դարձել, որ 2013 թվականի հունիսի կեսերին սկսած քրեական վարույթում ինքը ցուցմունք է տվել Ռազմիկ Ավագյանի դեմ` որպես վաշխառուի: Այս փաստը զայրացրել է Ավագյանին, և կոոպերատիվը սնանկ ճանաչելու պահանջ է առաջադրել:
Բնակիչներն Armlur.am-ին հայտնել են, որ «Պրոմեթեյ» բանկում գրավադրված գույքի հետ կապված փաստաթղթերում սպառողական կոոպերատիվի անդամների ստորագրությունները կեղծված են, և այդ մասին իմացել են նաև բանկի ղեկավարները:
2014 թվականի սկզբին բանկի կառավարիչը նույն բանկի իրավաբան Հակոբ Ճարոյանին գաղտնի անվճար նշանակում է սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի փաստաբան, ով խարդախության համար դատված է եղել:
Թադևոսյանի փոխանցմամբ` Ճարոյանը, ելնելով իր անձնական շահերից, գաղտնի գործարքների մեջ է մտել դատավոր Արթուր Սմբատյանի հետ: Փաստաբանը դատավոր Սմբատյանին հորդորել է սնանկ ճանաչել կոոպերատիվը, որպեսզի, ինչպես նշեց սպառողական կոոպերատիվի նախագահը, թալանեն բնակիչների բնակարանները` իրենց ուզած ձևով:
«Հակոբ Ճարոյանն այդ գործով հանդիպել է Սմբատյանի ազգականի` Գագիկ Առաքելյանի հետ, ու պայմանավորվում են կոոպերատիվը սնանկ ճանաչել»,- իր ցուցմունքում նշեց Թադևոսյանը:
Վերջինիս փոխանցմամբ` նա նաև հայտնել է, թե փաստաբան Ճարոյանը դատավոր Արթուր Սմբատյանի հետ զրույցում նշել է, թե «խա՞ղ ես անում հարկայինի հետ»` նկատի ունենալով, որ կոոպերատիվն անպայման պետք է սնանկ ճանաչել, այլապես նրանք խնդիրներ կունենան:
Կոոպերատիվի նախագահի փոխանցմամբ` Ճարոյանին նաև Ռազմիկ Ավագյանն է ցուցումներ տվել: Ճարոյանը բնակիչների մոտ հայտարարել է, որ ինքը հանդիսանում է «Պրոմեթեյ» բանկի փաստաբանը և բնակիչներին առաջարկել է գումարի դիմաց իր ծառայությունը` բանկի հետ հարցերը լուծելու համար` ասելով, թե «իմ նման դուխով փաստաբան չկա, դուք իմ նմանին չեք ճարի»: Այնուհետև, ըստ պայմանավորվածության, որը Հակոբ Ճարոյանը ձեռք է բերել դատավոր Սմբատյանի, բանկի ղեկավարի և սնանկի կառավարչի հետ, ինքն անձամբ պետք է ցածր գներով գներ բանկում գրավադրված տարածքները` աճուրդով:
Հակոբ Ճարոյանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Արմեն Թադևոսյանի անունից, որոնց համաձայն ինքը իրավասություն է ունեցել կոոպերատիվը սնանկացման տանել: Նա նաև բնակիչների մոտ հայտարարել է, թե սնանկացման կառավարիչ է «դնելու իր մարդուն»:
Բնակիչներն Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեցին, որ դատավոր Սմբատյանն ու փաստաբան Ճարոյանը դեռ պետք է պատասխան տան իրենց անօրինական արարքերի համար:
Իսկ «Նորաշեն-2007»-ի քրեական դատավարությունն արդեն ավարտական փուլում է: Ժողովուրդը մեծ հույսեր ունի, որ այդ հարցին կանդրադառնա Փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը:
Տաթև Հարությունյան