ԱՄՆ-ում մայիսի 10-ին կայացավ WBC վարկածով աշխարհի գերծանրքաշայիններ ( 90,7 կգ-ից ավելի ) կանադացի Բերմեյն Ստիվերնի (24-1-1, 21 КО) և ամերիկացի Քրիս Արրեոլայի (36-4, 31 KO) մենամարտը՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար: Մրցապայքարում վստահ հաղթանակ տոնեց Ստիվերնը՝ դառնալով գերծանրաքաշային կարգում աշխարհի նոր չեմպիոն:
Դեռ 1 տարի առաջ՝ 2013-ի ապրիլին, բռնցքամարտիկները հանդիպել էին ռինգում` Կլիչկոյի հետ մենամարտելու իրավունքի խաղարկման համար: Այդ ժամանակ, միավորների ընդհանուր հաշվարկով, Ստիվերնը հաղթեց: Եվ ինչպես ցույց տվեց ռևանշ-մենամարտը, Արրեոլան այս անգամ ևս չկարողացավ լուրջ դիմակայություն ցույց տալ իր կանադացի մրցակցին:
Մենամարտից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Արրեոլան խոստովանել է. «Նրա ուժը ձեռքերի արագության մեջ է, ինչն էլ նրա հիմնական առավելությունն է: եԵս չտեսա, թե ինչպես նա ինձ հարվածեց, քանի որ Ստիվերնն արագ էր, ինչպես բուլդոզերը: Ես ցնցված էի: Ցավ չէի զգում, բայց հասկացա, որ, միևնույն է, գետնին եմ: Նրա ուժը արագությունն է, որն անհավանական է: Կրկին զարմանում եմ, թե ինչպես չնկատեցի հարվածը»:
Միևնույն ժամանակ, ամերիկացի բռնցքամարտիկը համոզմունք է հայտնել, որ Ստիվերնը հեշտությամբ կհաղթի թե՛ Ուայլդերին, թե՛ Կլիչկոյին:
Հիշեցնենք, որ գերծանրաքաշային կարգում աշխարհի նոր չեմպիոնն արդեն պատրաստվում է Ուայլդերի հետ մենամարտին: