ԵՎՐՈՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԱՆՏԵՍԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրենք եւս իրենց մեղքի բաժինն ունեն, որ այսօր հայ հասարակությունը փողոց դուրս չի գալիս Մաքսային միությանն անդամակցելու դեմ պայքարելու համար:

-Պարո՛ն Սաֆարյան, Ուկրաինայում ընթացող համազգային բողոքի ցույցերին ականատես լինելուց հետո բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինչու ՀՀ քաղաքացիները նույնքան համախմբված եւ հավաքական կերպով չընդվզեցին ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելու եւ ՄՄ-ին անդամակցելու` Սերժ Սարգսյանի որոշման դեմ: Ո՞րն է Ձեր պատասխանը:
-Որովհետեւ Ուկրաինայում ընդդիմությունը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է, իսկ ՀՀ ընդդիմության ճնշող մեծամասնությունը՝ ոչ: Սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո Ազատության հրապարակ դուրս եկավ «Ժառանգություն» կուսակցությունը, բայց մյուս քաղաքական ուժերը դուրս չեկան, ու մարդիկ էլ, ըստ էության, չկարեւորեցին այդ խնդիրը: Մեր հասարակությունն էլ Ուկրաինայի հասարակությունից տարբերվում է իր պատկերացումներով: Ուկրաինայում լրիվ այլ իրավիճակ է, ՀՀ-ում` այլ: ՀՀ իշխանություններին հաջողվեց իրենց հասու քարոզչամիջոցներով նույնացնել ՄՄ-ին անդամակցումը ՌԴ-ՀՀ փոխհարաբերությունների խորացման հետ, ինչը, ցավոք, հասարակությանը լրիվ ուրիշ տեղ տարավ: Այսօր շատերի մոտ խոսում ես Մաքսային միությունից, մարդիկ ասում են՝ հա՛, դա լավ է, այսինքն՝ հասարակության պահանջմունքները միանգամայն այլ են, ճիշտ է` ձեւավորված սխալ ինֆորմացիայի վրա, բայց, այնուամենայնիվ, իրավիճակը դա է: Մեր հանրահավաքը ցույց տվեց, որ ժողովուրդը դրա համար փողոց դուրս չի գալիս:
-Իսկ չե՞ք կարծում, որ այդ ամենի մեղավորը նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներն են, այդ թվում եւ` «Ժառանգության», որոնք, բացի խոսելուց, որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում:
-Այո՛, չեմ հերքելու, մեղավոր ենք, մենք էլ մեր ֆունկցիան պետք է կատարեինք. լուրջ իրազեկեինք մարդկանց՝ հասկացնելով, թե Եվրոպայի հետ ասոցացումը ՀՀ-ին ինչ է տալու, ՄՄ-ն ինչ է իրենից ներկայացնում, ՀՀ-ՌԴ հարաբերություններն ինչպես պետք է զարգանան, այսինքն՝ այդ բոլոր հարցերով թերացում ունեցանք: Բայց նշեմ, որ դրանում մեծ է նաեւ Եվրամիության մեղքը, որովհետեւ նրանք աչք փակեցին ամեն ինչի վրա, այդ թվում եւ` երկու կեղծված նախագահական ընտրությունների: Այնուհետեւ իրենք համարեցին, որ, ըստ էության, ընդդիմության կարիքը չունեն, որովհետեւ իշխանությունը բանակցում է եւ համաձայնել է Ասոցացման համաձայնագիրը ստորագրել: Նախկին տարիներին ես հիշում եմ, երբ ԵՄ-ի պաշտոնյաները գալիս էին Հայաստան, հանդիպում նաեւ ընդդիմության հետ, բայց հիմա այնքան էին իրենց հանգիստ զգում, այնքան վստահ էին, որ ոչ մի խոչընդոտ չկա, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչի հետ համաձայն են, որ այլեւս չէին էլ հանդիպում ընդդիմության հետ… ու արդյունքում մենք ունեցանք սա: Իսկ երբ վերջում հայտնաբերեցին, որ չի ստորագրվելու, արդեն ուշ էր: Այսպես ասեմ, ընդդիմությանն անտեսեցին, հասարակության հետ չաշխատեցին, նաեւ հասարակությանը մենք չբացատրեցինք, այսինքն՝ բոլոր դեպքերում մեղքը բազմակողմանի է, եւ արդյունքն Ուկրաինայից շատ տարբեր է: Իսկ Ուկրաինայի հասարակության զգալի մասը կողմնորոշված է ու հրաշալի գիտի, թե ինչ է ուզում: Մի բան էլ նշեմ. Ուկրաինայում առաջինը փողոց են դուրս եկել ոչ թե քաղաքական ուժերը, այլ հասարակությունը: Իսկ երբ ՀՀ-ում մենք փորձեցինք դուրս գալ փողոց, հասարակությունն ինքը շատ պասիվ էր, շատ հիասթափված, այդ թվում՝ նաեւ մեզանից, դրա համար ստացվեց այս պատկերը:
-Այսինքն՝ Դո՞ւք էլ եք այն կարծիքին, որ այսօր հասարակությունն առաջնորդ չունի:
-Թերացումները շատ են: Ուզում եմ նշել նաեւ, որ Ուկրաինայի հասարակությունն ինքն էլ փողոց դուրս գալիս հասկանում է, որ ՌԴ-ն սպառնում է, որ Ուկրաինան թանկ կվճարի եվրաինտեգրման համար, դա հարյուրավոր, միլիոնավոր դոլարների կորուստ է, ու այդքանից հետո պայքարում է: Իսկ Հայաստանի հասարակությունը գիտի, որ ինքն էլ թանկ կվճարի եվրաինտեգրման համար, դրան գումարվում է նաեւ Արցախի խնդիրը, որը չկա Ուկրաինայի դեպքում, բայց չի պայքարում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս