Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրը դեռ շահագործման չի հանձնվել: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Թեեւ մինչեւ 11-րդ հարկը ներառյալ բնակարանների ընդունում-հանձնումը կատարված է, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ շահառուները, որոնք ստացել են բնակարանների բանալիները, կարող են այնտեղ հանգիստ ելումուտ անել կամ ապրել, քանի որ շենքի կոմունալ` էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման անհրաժեշտ միացումները կատարված չեն: Թե մինչեւ տարեվերջ ինչքանով բնակելի կլինի այս շենքը, հայտնի չէ:
Տեղեկացնենք, որ 2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որի արդյունքում պետք է շահագործման հանձնվեր Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրը: Համաձայն շահառուների հետ կնքված նախնական պայմանագրի` այդ ժամկետը կարող էր երկարաձգվել վեց ամսով` մինչեւ 2013թ. ապրիլի 30-ը: Սակայն ապրիլի 30-ից 7 ամիս անց էլ` 2013թ. նոյեմբերին, շենքը դեռ շահագործման չի հանձնվել: Ըստ շահառուների` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նշված ծրագիրն իրականացվում է ժամկետների էական խախտումներով եւ առանց իրավիճակի մասին շահառուների պատշաճ իրազեկման: Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը դեռ հոկտեմբերի վերջին «Ժողովուրդ»-ի հետ ունեցած զրույցում հայտարարել էր, թե շենքը շահագործման կհանձնվի նոյեմբերի 15-ին: Նոյեմբերն արդեն ավարտվում է, սակայն շենքը դեռ շահագործման չի հանձնվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շահառուներից մեկը նկատեց. «Ճիշտ է, հիմա էլեկտրաէներգիայի հաշվիչներն են տեղադրվում, գծերն են անցկացվում, բայց պրոցեսը դեռ ընթացքի մեջ է: Ամեն դեպքում, հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ շենքը շահագործման կհանձնվի»: Իսկ Արսեն Քարամյանը վստահեցրեց, որ այս շաբաթվա վերջին 12-րդ եւ 13-րդ հարկերը եւս կհանձնվեն շահառուներին: «Հաշվի առնելով, որ մենք շահառուներին պատճառել ենք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որոշակի անհարմարություններ, այդ պատճառով էլ հայտարարում ենք, որ փորձելու ենք ինչ-որ կերպ այդ անհանգստությունը մեղմել: Որոշում ենք կայացրել այն մասին, որ մեր միջոցների հաշվին կկատարվի շենքի ներտնային գազաֆիկացումը: Միացման վճարները բոլորի փոխարեն վճարելու ենք մենք: Առաջիկայում սկսելու ենք նաեւ ջրաչափերի տեղադրումը»: Բացի այս՝ ՀԿ-ն իր միջոցների հաշվին կառուցելու է նաեւ խաղահրապարակը: Եվ այս ամենի համար կազմակերպությունը ծախսելու է 56 մլն դրամ: «Իհարկե, կապալառուի մեղքով է անհանգստություն պատճառվել բնակիչներին, բայց ի՞նչ արած, մենք պատասխանատու ենք շահառուների առջեւ եւ ցանկացած դեպքում պարտավոր ենք նաեւ որոշակի վերաբերմունք դրսեւորել: Բնակիչներին վերջին վճարումները կատարելու համար ժամանակ է տրվել, եւ հասկանալով, որ մարդիկ ունեն որոշակի ֆինանսական խնդիրներ, հստակ առաջարկել ենք՝ եթե հնարավորություն ունեն, թող վճարեն մինչեւ դեկտեմբերի 1-ը, եթե ոչ, ապա մինչեւ տարեվերջ: Հաշվի առնելով, որ աշխատանքների ավարտը հետաձգվել է, մի քիչ էլ կարելի է վճարումը հետաձգել»,-փոխանցեց Ա. Քարամյանը: Սակայն շահառու Գայանե Վարդանյանն էլեկտրաֆիկացման աշխատանքների մասով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այլ բան ասաց. «Իրենք հայտարարեցին, թե յուրաքանչյուր բնակարան էլեկտրաֆիկացման համար ավելի քան 87 հազար դրամ պետք է վճարի: Հարց ուղղեցինք, թե ինչ հիմքերով է այդ գումարն առաջացել եւ ինչու պետք է շահառուներն այն վճարեն: Իրենք, ի պատասխան, հայտարարեցին, թե դա վճարվելու է շահառուների կողմից: Սակայն մի քանի օր անց անհասկանալի պատճառներով իրենց պաշտոնական կայքէջում տեղադրեցին մի նոր հայտարարություն, որ բոլոր վճարումներն իրենք վերցնում են իրենց վրա, քանի որ անհարմարություն են պատճառել շահառուներին»: Մեր զրուցակիցը, սակայն, նշեց, որ շահառուները համաձայն չեն այս տարբերակի հետ. «Մենք փոխհատուցման այս տարբերակը չենք ուզում ընդունել, որովհետեւ համարժեք չէ, քանի որ պայմանագրով շահագործման ժամկետը խախտվել է: Եվ փոխհատուցումը յուրաքանչյուր բնակարանի համար միլիոններ արժե: Իսկ այս դեպքում խոսքը մի քանի հարյուր հազարների մասին է: Ադեկվատ չէ»: Շահառուների խոսքով՝ այս պահին միակ խնդիրը ժամկետն է, որից արդեն մոտ 15 օր անցել է: Մինչդեռ պայմանագրում նման կետ կա, ըստ որի` շահագործման ժամկետը խախտելու դեպքում խախտողը ժամկետանցի համար որոշակի գումար պետք է վճարի: «Բայց որոշիչ կլինի վերջնական պայմանագիրը, որը դեռ չունենք եւ չգիտենք, թե ինչ է նախատեսվում: Հնարավոր է, որ այնպիսի ձեւակերպում լինի, թե պարտք ու պահանջ չունենք»,-նկատեց շահառու Գայանե Վարդանյանը: Ամեն դեպքում, Ծարավ Աղբյուրի 55/6-ի շահառուները հույս ունեն, որ Ամանորը դիմավորելու են իրենց նոր բնակարաններում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ