Տարոն Մարգարյանը մասնակցում է «Արի Տուն» ծրագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր:

«Երևանի քաղաքապետարանը 6-րդ տարին է, ինչ իր ակտիվ մասնակցությունն է ունենում «Արի տուն» ծրագրին: Եվ քանի որ ծրագիրը տարեցտարի ընդլայնվում և մասնակիցների թիվն աճում է, մենք պատարստ ենք ձեռնարկելու համապատասխան քայլեր՝ Երևանում ավելի մեծ թվով սփյուռքահայ երեխաներ հյուրընկալելու համար: Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ ենք աջակցելու նախարարության ծրագրերին և խորացնելու առկա համագործակցությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու պատասխանատուներին տեղում հանձնարարել նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագրի՝ քաղաքապետարանի մասով պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրի շրջանակում ցուցաբերվող աջակցության համար՝ Հրանուշ Հակոբյանը կարևորել է նաև վարչական շրջանների և պատասխանատու մյուս ստորաբաժանումների դերը երեխաների հյուրընկալության հարցում:

«Անցած 5 տարիների ընթացքում մենք ավելի քան հինգ հազար սփյուռքահայ երեխա ենք ընդունել, ինչի արդյունքում շուրջ հիսուն հազար հայեր բարեկամացել են միմյանց հետ: Այս տարի նախատեսվում է, որ հայրենիք կայցելի շուրջ 1000 երեխա: Շատերը, գալով Երևան, պարզապես սիրահարվում են մայրաքաղաքին և իրենց ապագան տեսնում այստեղ: Ամեն օր հանդիպելով սփյուռքից ժամանած մեր տասնյակ հայրենակիցների՝ մշտապես լսում եմ նրանց արձագանքը այն դրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք կատարվում են մայրաքաղաքում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:

Ծրագրի իրականացման նպատակով կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկել են նաև «Իմ Հայաստան» խորագրով մշակութային փառատոնի, ինչպես նաև սեպտեմբերին Երևանում «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:




Լրահոս