Գրեթե ամեն օր հայ հանրությունը տեղեկանում է որեւէ նկարչի, գրողի, դերասանի կամ երաժշտի՝ հայրենիքը լքելու, արտագաղթելու մասին։ Դրանում կարելի է համոզվել՝ ծանոթանալով սոցիալական ցանցերում հայտնված նրանց հասցեներին՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Ռուսաստան…
Ով էլ վերջնականապես չի գնում եւ, այսպես ասած, պալատական երաժիշտ, դերասան կամ նկարիչ չէ, պատրաստվում է գոնե ժամանակավորապես լքել հայրենի եզերքը՝ այլ երկրում գումար վաստակելու ակնկալիքով։ Եվ որքան էլ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կանչի՝ արի՛ տուն, դժվար թե այս իրավիճակում նրանք վերադառնան:
Իսկ, օրինակ, Թուրքիայում վերջերս Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը հաջողեց «արի՛ տուն»-ի թուրքական տարբերակում. նա ԱՄՆ-ից իր ծննդավայր Դիարբեքիր հրավիրեց հայ հայտնի երաժիշտ Երվանդ Բոսթանջընին։ Նշենք, որ վերջինս տարիներ շարունակ ստեղծագործել է ԱՄՆ-ում եւ այս տարվա ամռանը թուրքական կողմի ծախսերով վերադարձել իր ծննդավայր Դիարբեքիր։ Նա պաշտոնապես դիմել է Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարությանը՝ թուրքական դասական երաժշտության Դիարբեքիրի պետական երգչախմբում ընդգրկվելու համար։ Հիշեցնենք, որ ուդի հայ հայտնի վարպետը ծնվել է Դիարբեքիրում, իսկ 1992 թվականին տեղափոխվել ԱՄՆ։ Ծննդավայր վերադառնալուց հետո հայ երաժիշտն արդեն հանդես է գալիս վերոնշյալ երգչախմբում որպես հյուր եւ ստանում ընդամենը 800 լիրա (500 դոլար) աշխատավարձ, սակայն երգչախմբի մշտական անդամ դառնալուց հետո նրա աշխատավարձը կբարձրացվի։
Վերոնշյալ նախարարությունը Երվանդ Բոսթանջընի համար գլխավոր քննությունը նշանակել էր երեկ՝ նոյեմբերի 27-ին, եւ կասկածից դուրս է, որ նրան ընդունելու են երգչախումբ։ Հակառակ դեպքում չէին հրավիրի հայրենիք։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ