ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը ցանկանում է ՀՀ-ից արտերկիր տեղափոխել թարմ եւ չոր մրգեր, ինչպես նաեւ բանջարեղեն, ապա արտահանման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Վլադիմիր Մելիքյան (51 տարեկան, ապրանքագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մելիքյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանումն իրականացվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան եւ թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռի համար տեսուչի կողմից: Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում տեսչություն, որը հայտը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կատարում է բեռի ստուգում եւ տալիս արտահանման բուսասանիտարական հավաստագիր, իսկ բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես: Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 14 օր՝ տրված օրվանից մինչեւ երկրի սահմաններից դուրս բերելը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ երբեմն թերահավատորեն ենք վերաբերում մեր վերահսկող եւ ստուգող սահմանային մարմիններին, այդուհանդերձ, նրանք աշխատում են եւ հաճախ կանխում ապօրինի ապրանքի ներմուծումը: Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ բեռների զննման արդյունքում 2012թ. արձանագրվել է խախտման 14 դեպք, եւ այդ բեռների ներմուծումը չի թույլատրվել: Իսկ այս տարվա մայիս ամսին էլ Իրանից ներկրվող 20.420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում կասեցվեց, ապա կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքում ճանաչվեց օգտագործման համար վտանգավոր, եւ 2013թ. մայիսի 5-ին հետ ուղարկվեց:
ՀԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Ես մտադիր եմ բացել ավտոլվացման կետ, եւ ուզում եմ իմանալ՝ ավտոլվացման գործունեություն ծավալելու համար արտոնագրային վճար հարկվում է, թե ոչ:
Գեւորգ Սուքիասյան (32 տարեկան, ատամնաբույժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել 14.09.2012թ. N 25 ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման 20-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ՝ ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ. «ՀՀ դասակարգիչ հաստատելու մասին» N372-Ն հրամանով հաստատված՝ տնտեuական գործունեության տեuակների ՀՀ դաuակարգչի 45.20.1 ծածկագրին: Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է ավտոմեքենաների մեխանիկական եւ էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը եւ այլն:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե քաղաքացին ցանկանում է անգամ շատ փոքր բիզնես գործունեություն իրականացնել, ապա նա առաջնահերթ պետք է հոգ տանի բոլոր հարկերի եւ վճարների մասին՝ անկախ այն հանգամանքից, թե նա որքան եկամուտ կունենա: