
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի կմեկնարկի մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: 2014 թվականը հոբելյանական է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար. լրանում է ծրագրի 10-ամյակը: Այս տարի անգամ մասնակից թանգարանների թիվը խորհրդանշական է՝ միջոցառման 10-ամյակին Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտել թանգարանների գործունեության բազմազանությունը:
Միջոցառման խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը՝ միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը: