Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ-Ջարբան մտադիր է ընթացիկ շաբաթ կայանալիք ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերել տեղաշարժվող զենիթահրթիռային սարքերի մատակարարման մասին: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան Wall Street Journal թերթին տրված հարցազրույցում:
Ալ-Ջարբան նշել է, որ դրանք պետք է տրամադրվեն ընդդիմության հատուկ պատրաստված խմբին, որը դասալքվել է սիրիական բանակից և արդեն կարողանում է դրանցից օգտվել:
«Մենք փորձելու ենք համոզել ԱՄՆ-ին տրամադրել մեզ այդ զենքը կամ թույլ տալ դա անել մեր ընկերներին: Մեզ պետք է սահմանափակ քանակություն, որը կօգտագործվի շատ ընտրողաբար», – ասել է նա: Ամերիկյան կողմը դեռևս պաշտոնապես համաձայնություն չի տվել ընդդիմադիրմերին այդ զենքը տրամադրելու համար, քանի որ մտավախություն ունի, որ այդ համակարգերը կարող են ընկնել գրոհայինների ձեռքը և օգտագործվել խաղաղ բնակչության դեմ: