Բուժքույրերի համագումարը` Ստեփանակերտում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտում ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, բուժքույրերի միջազգային օրվան նվիրված, այսօր Ստեփանակերտում կազմակերպվել է «Քույրական գործի արդի խնդիրնեըը» թեմայով երկօրյա համագումար, որին մասնակցում է 450 միջին բուժանձնակազմի աշխատող՝ Արցախից և Հայաստանից: Համագումարին մասնակցելու նպատակով Արցախում են Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի և Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի մասնագետներն, ովքեր երկու օր շարունակ իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն տեղի մասնագետներին:

Համագումարի բացմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը,բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:

Ողջունելով համագումարի մասնակիցներին նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ, նշել, որ նման ներկայացուցչական համագումարների անցկացումն Արցախում բարի ավանդույթի է վերածվել: Նախագահը համոզմունք է հայտնել, որ համագումարը դրական ազդեցություն կունենա հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա, թե կիրառական, թե տեսական առումներով:

Կարևորելով բուժքույրական օղակի դերը` առողջապահության ոլորտում, նախագահը նշել է, որ առողջապահության համակարգում նյութատեխնիկական ներդրումների արդյունավետությունը պայմանավորված է նախևառաջ բժշկական որակյալ մասնագետների առկայությամբ: Իր հերթին շնորհավորելով բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորել է որակյալ բժշկական օգնության ցուցաբերման գործում բուժքույրերի նվիրվածության և բարձր մասնագիտական կարողությունների դերը: Այնուհետև բուժքույրական արդի խնդիրների շուրջ հնչել են տարբեր զեկույցներ, որից հետո Արցախի առողջապահական ոլորտի միջին բուժանձնակազմի մի խումբ աշխատակիցներ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվել են նախարարության պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Նշենք, որ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաև Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար, որտեղ կներկայացվեն արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն, ինչպես նաև նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում: Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին կնվիրաբերվեն դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ:

Իսկ բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով առաջին անգամ թեկնածուական եւ դոկտորական թեզեր պաշտպանեց ՀՀ առողջապահության նախարարության Բուժքույրական գործի մասնագետ, «Բուժքույրական գործի կազմակերպիչներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Էրեբունի» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի հիմնադիր և տնօրեն Ալինա Քուշկյանը` դրանով բեկում մտցնելով բուժքույրական գործի գնահատման ոլորտում:

10338971_620915781320388_1586552068_n




Լրահոս