Երևանի բնակիչ 51-ամյա Ավետիս Մանուկյանը սպանության փորձ է կատարել իր կնոջ` Նատալյա Մախովայի նկատմամբ:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Մանուկյանը հեռախոսային զրույց է ունեցել կնոջ հետ, որի ընթացքում վիճաբանել են: Զրույցից վիրավորված` Մանուկյանը միայնակ մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել, հարբել է և դրա ազդեցության տակ` որոշել է սպանել կնոջը:
Հայտնի է նաև, որ Ավետիս Մանուկյանը այդ ամենից հետո տանից վերցրել է խոհանոցային դանակն ու ուղևորվել կնոջ աշխատանքի վայր՝ «Հայաթ» հյուրանոցային համալիր: Այստեղ, առաջին հարկում հանդիպելով Մախովային, դանակով 1 անգամ հարվածել է վերջինիս:
Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Մախովայի մոտ առաջացել է ներքին արյունահոսություն` կյանքի համար վտանգ սպառնացող:
Դեպքի առթիվ Ավան և Նոր-Նորք համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Գործը գտնվում է դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1 մասով, որի չափանիշների համաձայն` արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:
Ավետիս Մանուկյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Սիրանույշ Հարությունյանը:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Տաթև Հարությունյան