Պետք է գտնենք Հայաստանի՝ ԵՄ հետ ասոցացվելու մոդել. Օլանդ. azatutyun.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք պետք է գտնենք Հայաստանի Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն: Այս մասին այսօր հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով առաջին անգամ պետական այցով ժամանել է Հայաստան: Խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունների մասին՝ Ֆրանսուա Օլանդը չշրջանցեց Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունների և Մաքսային միությանն անդամակցելու հարցը:

«Մենք չենք ստիպում Հայաստանին, որպեսզի նա ընտրություն կատարի, որը հակասում է Հայաստանի շահերին, այդ մասին ես խոսել եմ Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ»,-ասաց Ֆրանսուա Օլանդը՝ շեշտելով, որ Հայաստանի համար պետք է գտնել Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Մաքսային միությանն անդամակցելուն»: – «Ես կարծում եմ կարելի է գտնել խելացի մոդել»,-ասաց Ֆրանսուա Օլանդը:

Անդրադառնալով հայ ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ Օլանդը նկատեց, որ Ֆրանսիայում ապրում է 500 հազար հայ, բայց երկու երկրների տնտեսական արդյունքներին նայելիս պարզ է դառնում, որ անելու շատ բան կա․ պետք է նախևառաջ Ֆրանսիայի գործարար հանրությանը ծանոթացնել հայաստանյան շուկային: Ֆրանսուա Օլանդը ոգևորիչ համարեց այն հանգամանքը, որ վաղը Սերժ Սարգսյանի հետ միասին այցելելու են ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի երևանյան խանութ, տեսնելու, թե ի՞նչ ֆրանսիական և հայկական ապրանքներ են առաջարկվելու հաճախորդներին: «Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտում»,- եզրափակեց Օլանդը:

Հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի մասնակիցներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել նախագահներին: Ֆորումին մասնակցում էին տասնյակ գործարարներ Ֆրանսիայից, և նրանցից մեկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեց, թե ի՞նչ է սպասում ներդրողներին Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո: Սերժ Սարգսյանը խոստացավ՝ Մաքսային միությունն ավելի գրավիչ կդարձի Հայաստանը: 


«Մաքսային միությանն հնարավոր անդամակցությունը, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունը և Հայաստանը որպես ներդրումային միջավայր ավելի գրավիչ է դարձնում: Փաստորեն, դուք արդեն նշեցիք 200 միլիոնանոց շուկայի մասին, ես ուզում նաև նշել, որ այսօր Հայաստանը օգտվում է [Եվրամիության հետ առևտրի] արտոնությունների ընդհանուր համակարգից, և ստացվում է, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանում գործող ձեռնարկությանը օգտվելու 700 միլիոնանոց շուկայից: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձրանալ, եթե մենք կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել, ու նաև մի տեսակ՝ մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ:

Մաքսային միության անդամակցությունը հենց այսպիսի խնդիրներ է լուծում»:

Բացի դրանից, ըստ Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա էներգակիրներ ներմուծել մրցունակ գներով՝ 30 տոկոս զեղչով, ինչը ևս մեծ խթան է տնտեսությունը զարգացնելու համար: 

Մանրամասները՝ azatutyun.am կայքում:




Լրահոս