ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդամենը երեք տարի առաջ է դարձել Հանրապետական կուսակցության անդամ: Եվ հենց այս է պատճառը, որ ՀՀԿ-ականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու է մի մարդ, որ իրենց կուսակցությունում հայտնվեց միայն ԱԺ ընտրությունների նախաշեմին: Նրա անունը կապված է նաև մի քանի աղմկահարույց դեպքերի հետ: Այսօր armlur.am-ը կանդրադառնա խմբակցության նորընտիր ղեկավարին:
Վ. Բաղդասարյանը ծնվել է 1961թ. հունիսի 15-ին Վանաձորում:
23 տարեկանում ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, ապա ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան, 1998թ.-ին՝ Երեւանի արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտի տնտեսաիրավագիտություն ֆակուլտետը: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1978 -1979թթ. «Կինշինտրեստ»-ում, 1980-1984թթ. ուսմանը զուգընթաց որպես բանվոր աշխատել է Երեւանի «Երազ» ավտոգործարանում: 1984-1988թթ. եղել է Կիրովականի «Արդավտոմատիկա» ԳԱՄ գիտաշխատող: 1986թ. դասավանդել է Կիրովականի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1990-1996թթ. ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր:
Պատգամավորական գործունեությունը սկսել է 1995-թ.-ին ԱԺ պատգամավոր ընտրվելով թիվ 60 ընտրատարածքից: 1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր թիվ 46 ընտրատարածքից:
2003-2007 թթ.-ին էլ ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 37 ընտրատարածքից: Միայն երեք տարի առաջ՝ 2011թ. դարձել է ՀՀԿ կուսակցության անդամ և 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ կուսակցությունից:
Ուսումնասիրելով parliamentmonitoring-ի տվյալները, պարզ է դառնում, որ ԱԺ բոլոր գումարումների ընթացքում Բաղդասարյանը կողմ է քվեարկել ներկայացված նախագծերից 290-ին, դեմ քվեարկել է 5 նախագծի և մեկ անգամ ձեռնպահ է մնացել: Նրան կարելի է դասեր պարտաճանաչ պատգամավորների թվին, քանի որ ամբողջ նիստերից նա բացակայել է ընդամենը 27 անգամ: 10 անգամ ելույթ է ունեցել և 19 անգամ էլ հարց հնչեցրել ԱԺ ամբիոնից:
Անդրադառնանք պատգամավորի ունեցվածքի և գույքի հայտարարագրին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում Բաղդասարյանը նշել է 4 անշարժ գույք: Դրանցից երկուսը բնակարան է, մեկը՝ 5 մլն դրամ արժողությամն է, մյուսը՝ 30 մլն: Պատգամավորն ունի նաև 60 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն և 12 մլն դրամ արժողությամն ամառանոց:
Այս ամենի հետ մեկտեղ նրա դրամական միջոցներն այնքան էլ շատ չեն և գնալով անկում են ապրել: Մասնավորապես, տարվա սկզբում նա ունեցել է 3 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 2 մլն և 15 հազար դոլար, որն էլ տարվա վերջում դարձել է 10 հազար դոլար: Բաղդասարյանը մեկ տարվա ընթացքում ապահովել է 118 մլն-ից ավել եկամուտ, որի զգալի մասը կազմել է ժառանգության կարգով ստացված գույքը` շահաբաժին և աշխատանքի վարձատրությունները:
Ինչպես արդեն նշել էինք, Բաղդասարյանի անունը կապում են մի քանի աղմկալի դեպքերի հետ: Մասնավորապես, 2007 թ. Աժ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում պատգամավորի թեկնածու Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ Հրանտ Հակոբյանի եւ մի քանի այլ անձանց միջեւ տեղի է ունեցել «ռազբորկա», Բաղդասարյանի թիկնապահների եւ Հրանտ Հակոբյանի միջեւ ծագել է վեճ` հենց հանդիպման ժամանակ, որից հետո այն շարունակվել է այլ վայրում: Դրանից հետո Վահրամ Բաղդասարյանի թիկնապահները, ըստ շրջանառվող լուրերի, Հրանտ Հակոբյանին տարել են «Թեժ լեռի» տարածք, որտեղ էլ հասցրել են դանակի 10 հարված:
Մեկ այլ դեպք էր տեղի էր ունեցել մի միջոցառման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի և Վահրամ Բաղդասարյանի միջև, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով, որից հետո վեճը թեժացել է եւ վերածվել ծեծկռտուքի: Բաղդասարյանը կայքերից մեկի միջոցով հերքել էր, թե նման դեպք ընդհանրապես տեղի է ունեցել: Սակայն, ըստ լուրերի, վեճը սկսվել է այն ժամանակ, երբ Վահրամ Բաղդասարյանը հորդորել է Մուրադ Մուրադյանին խմել վարչապետի կենացը:
Նաիրա Հովհաննիսյան