
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 10-ին, Իջեւանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել, այլ նրան, միգուցե, սպանել են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զինվորի քեռին պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ Ներսեսը զանգահարել եւ ասել է, որ իր վաշտի հրամանատար Գարիկ Ասրյանն իրեն հանգիստ չի տալիս: «Հրամանատարը բենզինի գումար է պահանջել, իսկ Ներսեսն ասել է, թե չկա: Ավելի ուշ հրամանատարն ասել է. «Ես քո հախից կգամ»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, զորամասի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանը բացառեց, որ կատարվածը կապված է բենզինի դեպքի հետ. «Այդ խնդրին ծանոթ եմ եղել ու որպես հրամանատար, վաշտի հրամանատարին տույժի եմ ենթարկել: Ես անգամ երեխաներին ասել եմ, որ եթե մեկը ձեզանից բենզինի գումար կուզի, կգաք անձամբ ինձ մոտ: Իմ ասելուց հետո, վաշտի հրամանատարը չէր կարող նրանցից բենզինի գումար պահանջել»: