ԱԺ-ն ընդունեց կուտակայինի մասին օրենքի փոփոխված տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցն այսօր խորհրդարանում դրվեց քվեարկության:

Քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես եկան խմբակցությունների ներկայացուցիչները:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք երեկ ամբողջ օրը հանդիպել են անհրաժեշտ մասնագետների հետ, և գտնում են, որ շատ հարցեր թերի են:

«Այդուհանդերձ, մենք չենք կարող կողմ քվեարկել, այդուհանդերձ չենք քվեարկի դեմ, որպեսզի հնարավորություն տրվի Կառավարությանը կրկին աշխատել այս օրենքի շուրջ», – նշեց նա:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ լրամշակված նախագիծը կես քայլ առաջ է: «Սակայն մենք այս նախագծին կքվեարկենք ձեռնպահ», – նշեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց՝ նախագիծը հակասահմանադրական է, ուստի՝ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս նախագծին, և կոչ արեց քաղաքական ուժերին հրավիրել արտահերթ նիստ: Իր հերթին՝ նույն խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, թե ինքը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք միշտ էլ դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին:

«Սա մի քայլ առաջ է, բայց չի լուծում բոլոր մտահոգությունները: Մենք որոշել ենք ձեռնպահ մնալ», – հայտարարեց նա: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, թե իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

Վերջում էլ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, թե իր համար անհասկանալի է, թե ինչին են դեմ և ինչին են ձեռնպահ, և կոչ արեց լինել կողմ: Նույն խմբակցությունից Հակոբ Հակոբյանն էլ զարմանք հայտնեց ոչ իշխանական ուժերի դիրքորոշման վերաբերյալ, նշելով, թե երեկ ավելի ճիշտ դիրքորոշում էին ներկայացնում:

«Ես չգիտեմ, թե ձեր մոտ գիշերն ինչ փոխվեց», – նշեց նա: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտնեց, թե խմբակցությունը կողմ է այս նախագծին, և կոչ արեց կողմ քվեարկել:

Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 68՝ կողմ, 12՝ դեմ և  36՝ ձեռնպահ ձայներով:




Լրահոս