ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` «ԵՎ-ԵՎ» (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` Հայաստանի խորհրդայնացման օրը` նոյեմբերի 29-ին, ինչ-որ միստիկ նախախնամությամբ ՀՀ ներկայիս իշխանությունները մեր երկրի ընթացքը կրկին հետ պտտեցին ի շրջանս յուր` դեպի Ռուսաստան, դեպի նոր Խորհրդային միության տեսլականով ձեւավորվող Մաքսային միություն: Վիլնյուսում այսօր ընթացող Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը, որից ընդամենը երեք ամիս առաջ այնքան մեծ սպասելիքներ կային, այսօր Հայաստանի համար արդեն արարողակարգային միջոցառում է:
Ի սկզբանե վեց պետությունների մասնակցությամբ սկսված Արեւելյան գործընկերության ծրագիրը կարելի է ձախողված համարել, քանի որ այսօրվա գագաթնաժողովում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրեն վեց երկրներից ընդամենը երկուսը` Մոլդովան եւ Վրաստանը: Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումից հրաժարվել էր ավելի վաղ, իսկ Բելառուսի դեպքում նման ակնկալիքներ պարզապես չկային: Ինչ վերաբերում է ծրագրի ամենակարեւոր երկրին` Ուկրաինային, որն այդ համաձայնագիրը նախաստորագրել էր դեռեւս 2012-ին, ապա, ինչպես հայտնի է, գագաթնաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Վ Յանուկովիչը փոխեց իր որոշումն ու հրաժարվեց փաստաթղթի ստորագրումից: Եվ, անշուշտ, ուկրաինական այդ մեծ հիասթափության ֆոնին երեկ մեկնարկած գագաթնաժողովում կարծես թե նկատելի չէր Եվրամիության` Հայաստանից ունեցած հիասթափությունը: Բայց դա, իհարկե, զուտ մակերեսային դիտարկման դեպքում եւ ժամանակավոր: Մոտակա հեռանկարում, կասկածից դուրս է, որ Եվրամիությունը գործնական կերպով կդրսեւորի իր հիասթափությունը ամենատարբեր` քաղաքական, տնտեսական եւ սոցիալական մակարդակներում:
Ընդ որում, ուշագրավ է, որ անգամ այսօր` գագաթնաժողովի օրը, հայտնի չէ, թե արդյոք ի վերջո ԵՄ ղեկավարության եւ Սերժ Սարգսյանի միջեւ կստորագրվի որեւէ կոնկրետ փաստաթուղթ: Առայժմ հայտնի է միայն, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելու է համատեղ հայտարարություն, սակայն թե ինչպիսի բովանդակությամբ, պարզ չէ: Թեեւ դատելով գագաթնաժողովի արդյունքում ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստի` Հայաստանին վերաբերող հատվածից, ակնհայտ է, որ բացի փոխադարձ դատարկ հավաստիացումներից որեւէ լուրջ բան չի լինի:
Այդպիսով` ամփոփելով Հայաստանի` եվրոինտեգրացման անցած քառամյա ուղին եւ վերլուծելով Եվրասիական տնտեսական միության սպասվելիք ապագան` կարող ենք միայն հուսալ, որ, այդուամենայնիվ, Սերժ Սարգսյանին կհաջողվի ԵՄ եւ ՌԴ կողմից առաջադրված «կամ-կամ»-ի պարտադրանքին ի հակադարձ` իրագործել «եւ-եւ»-ի սկզբունքը` վերջնարդյունքում Հայաստանը զերծ պահելով որեւէ վերազգային միությանն անդամակցությունից:




Լրահոս