ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՄԱՆ ՕՐՆ Է
Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է: Այդ առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանի՝ հայտնի Թռչունիչի հետ` պարզելու, թե ինչ է նա մտածում ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու եւ կրկին ԽՍՀՄ կարգերին վերադառնալու մտահոգությունների մասին: «Ես շատ կուզենայի, որ ԽՍՀՄ գնանք, բայց նման բան չի կառուցվելու»,-տխուր ասաց իրեն անդավաճան կոմունիստ համարող Թռչունիչը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ նա ասում էր. «Ես պապ եմ ունեցել, որը մահացավ 96 տարեկանում, եւ նրա վերջին խոսքը սա էր. ինչ որ կլինի, ձեր ձեռքը ռուսի փեշից բաց մի՛ թողեք»: «Հիմա, փաստորեն, Ձեր պապի պատգամը կատարում է Սերժ Սարգսյա՞նը»,-հարցրինք կոմունիստին: «Սերժ Սարգսյանը, թե ով ուզում է կատարի… հիմա մարդիկ կան, որ, ասենք, եվրոպացիների թելադրանքով կարող են փողոց դուրս գալ… հավատացե՛ք, որ ժողովրդի փրկությունը ՌԴ-ն է լինելու: Մենք կմտնենք նաեւ ռուբլու գոտի…»,-պատասխանեց Խորեն Թռչունիչը:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի՝ օֆշորային մեքենայությունների գործով նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքի մեջ է գործը, արդյոք Սարգսյանի եւ Կճոյանի՝ փորձաքննության ուղարկված ստորագրությունները համընկել են օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունների հետ: Ոստիկանությունից հայտնեցին. «Փորձագիտական կենտրոնը միջնորդություն է ներկայացրել փորձաքննությանն առաջարկված հարցերին պատասխանելու համար տրամադրել փաստաթղթերի բնօրինակները: Նախաքննական մարմինը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունը, գլխավոր դատախազության միջոցով իրավական օգնության միջնորդություն է ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին՝ պահանջվող փաստաթղթերի բնօրինակներն առգրավելու եւ նախաքննությանը տրամադրելու խնդրանքով»:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ նույն ինքը` Դերոն, բավական լուրջ ունեցվածք է կուտակել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է, որ բանկային հաշվին ունի 17.5 մլն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար եւ 8 հազար եվրո: Ուշագրավն այն է, որ 2011թ. եւ 2012թ. նրա հայտարարագրերում միշտ նույն գումարն է, ինչն առնվազն տարօրինակ է, քանի որ բանկում ներդրված գումարն աճելու «սովորություն» ունի: Ամենայն հավանականությամբ, Դումանյանը պարզապես ամեն տարի մեխանիկորեն նույն թիվն է գրել` թաքցնելով իր իրական ունեցվածքը: Համեմատության համար նշենք, որ Դումանյանի կնոջ` Անահիտի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում աճել են` 13 մլն-ից դառնալով 14 մլն դրամ:
Երեկ ՀՀ կառավարության կայացրած որոշումը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի արտոնագիրը եւս մեկ տարի ժամկետով 12 մլն դրամով ձեռք բերելու մասին, սպասվածից առավել բուռն արձագանք ունեցավ: Պատճառը ոչ այնքան այն էր, որ 32.4 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում մոտ 30 հազար ԱՄՆ դոլար հատկացվեց հեռուստանախագծի համար, այլ այն, որ այդ որոշումը կայացրեց ՀՀ վարչապետը՝ այդ խաղի նկատմամբ մինչ օրս առկա դրական տրամադրությունները կոտրելու թաքուն նկրտումներով: Ի վերջո, Տիգրան Սարգսյանը երկար տարիներ եղել է այդ խաղի գլխավոր հովանավորը, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ չէր դա իրականացնում, ինչն էլ հակազդեցություն չէր ծնում: Հիմա դժվար է ասել՝ նա դիտմա՞մբ փորձեց իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողների թիրախը դարձնել նաեւ հեռուստանախագիծը, թե՞ պարզապես ուզում էր, որ լավ լիներ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: