ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վ. ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺՎԵՑ

Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ մեկնած վարչապետ Տիգրան Սարգսյանին նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է սպասել: Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների՝ վարչապետի՝ Գյումրի այցելության ընթացքում Ղուկասյանը նրան հրավիրել է իր գրասենյակ՝ տեղում ներկայացնելու, որ ինքն ու իր թիմը դեռ շարունակում են աշխատել հանուն Գյումրու: Ղուկասյանը ակնկալիք է ունեցել, որ իրեն կտրամադրեն Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքի որեւէ հարկաբաժին, եւ ինքն այսպիսով իրագործած կլինի երկրորդ քաղաքապետարան հիմնելու իր նկրտումները: Սակայն Ղուկասյանի ծրագրած հրավերը վարչապետը մերժել է՝ մարելով Գյումրու հանդեպ ինչ-ինչ իրավունքներ վերականգնելու նախկին քաղաքապետի հերթական հույսը: Ի դեպ, այս լուրերին որեւէ մեկնաբանություն տալ Վ. Ղուկասյանը հրաժարվեց՝ ասելով. «Հարկ չեմ համարում նույնիսկ պատասխանել»:

ՀՔԾ ՊԵՏԻ «ԱՆԱԿՆԿԱԼԸ»

Ինչպես ամեն հինգշաբթի, այս անգամ էլ ՀՀ կառավարության շենքի հետնամուտքից, սովորության համաձայն, մի շարք նախարարներ աննկատ հեռացան: Երեկ նրանց օրինակին հետեւեց Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, որը սովորաբար չի մասնակցում գործադիրի նիստերին: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՔԾ լրատվության պետ Միքայել Ահարոնյանից պարզել, թե ինչու էր Շահինյանը խախտել ավանդույթը: «Անհրաժեշտության դեպքում ՀՔԾ պետը մասնակցում է կառավարության նիստերին»,-հայտնեց Մ. Ահարոնյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ դեպքում որն էր անհրաժեշտությունը: Թերեւս պատճառն այն էր, որ երեկ ավանդույթը խախտել եւ կառավարության նիստին էր ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

ՈՎ ԷԼ ԽՈՍԻ

Թիվ 2 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Սամվել Ֆարմանյանը երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում պաշտպանել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համար ՀՀ պետական բյուջեից կառավարության որոշմամբ 12 մլն դրամ տրամադրելու համար հնչող քննադատությունները. «Եթե անկեղծ լինենք, նորանկախ Հայաստանի դժբախտությունները սկսվեցին այն ժամանակ, երբ պետական իշխանությունը քայլ առ քայլ սկսեց համալրվել «գիրք չկարդացած», «ձեն բերող» թաղի տղեքով: Համաշխարհային պատմությունը վկայում է՝ բոլոր դժբախտություններն ունեն մեկ պատճառ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»: Ֆարմանյանի այս հայտարարության հետ չի կարելի չհամաձայնել. այո՛, այսօր իշխանությունը, այդ թվում` իշխող ՀՀԿ-ն, համալրվել է «գիրք չկարդացած», «ձեն բերող թաղի տղերքով»: Բայց այսօր այդ մասին խոսում է այն Ֆարմանյանը, որը եւս ԱԺ մանդատ է ստացել նույն «գիրք չկարդացած», «ձեն բերող թաղի տղերքի» շնորհիվ, ու հիմա փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երեւալ:




Լրահոս