ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ 12 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ՝ ԽԱՂԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանկարծակի սկսեց արագացնել հարցերի ներկայացումը, արագ-արագ հայտարարեց, որ բոլորը համաձայն են նախագծերի ընդունմանն ու հեռացավ: Բայց մինչ այդ նա շատ բարձր տրամադրությամբ հաստատեց այն նախագիծը, ըստ որի՝ կառավարությունը ՀՀ պետական բյուջեից 12 միլիոն դրամ գումար է տրամադրում ռուսական «Իգրա թի վի» հեռուստաընկերությունից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի արտոնագիրը եւս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու համար:

Հարցը ներկայացնում էր ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը: Նա նշեց, թե ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացվել է 12 միլիոն դրամ, որը նվիրաբերության պայմանագրով կտրամադրվի «Փի-արտ» ՍՊԸ-ին: Բոլորն են քաջատեղյակ, որ ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչներ ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի երկրպագուներն են ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հաճախ են մասնակցում հայկական հեռուստաընկերությամբ սփռվող ռուսալեզու այդ հեռուստախաղին: Ընդ որում, ինչպես հայտնի է, նախագիծը հովանավորում է ՀՀ վարչապետը, բայց, պարզվում է, ոչ սեփական գրպանից: Ինչեւէ. Տ. Սարգսյանը որոշման նախագիծը ներկայացնող Կ. Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ հաջողություններ ունի Հայաստանի թիմը, ինչին անմիջապես եւ լայն ժպիտով արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. «Նոր տարվա օրերին են ցույց տալու, որ քիչ մարդ տեսնի»: Նախարարն ու վարչապետը ժպտացին միմյանց ու «փակեցին» թեման:
Ապա նիստի կեսից վարչապետը հանկարծակի սկսեց որոշման նախագծերը ներկայացնողներին շտապեցնել ու նիստը վարել ավելի արագ: Երբ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացնում էր Երեւանի Պռոշյան ու Դ. Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը, որպեսզի այն տան Սամվել Մայրապետյանին, վարչապետը կեսից ընդհատեց նրան. «Շնորհակալություն, հարցեր կա՞ն… որոշումն ընդունված է»: Ու այսպես մինչեւ նիստի ավարտը:
Լրագրողները նիստի ավարտից հետո փորձեցին ԿԳ փոխնախարարից պարզել, թե արդյոք ճիշտ է, որ 32.4 տոկոս աղքատություն ունեցող երկրում հեռուստախաղի համար նման շռայլություն ցուցաբերվի: Սակայն Կ. Հարությունյանը շատ «խեղճուկրակ» տեսքով միայն պատասխանեց, որ ինքը ինֆորմացիային չի տիրապետում. «Ես կարծում եմ, որ խաղը բավականին լավ հեղինակություն ունի, նաեւ՝ կրթական նշանակություն»: Դիտարկմանը, թե խաղը ռուսերենով է, ինչն արգելված է, նա արձագանքեց, թե ինքը տեղեկություն չունի ու չի կարող մեկնաբանել:
Երեկ «Ժողովուրդ»-ը դիմեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի վարող Կարեն Քոչարյանին` հետաքրքրվելով, թե ինչպես է հաջողվել ՀՀ վարչապետին համոզել, որպեսզի 12 միլիոն դրամ տրամադրի արտոնագրի համար: Քոչարյանը, սակայն, խիստ վրդովվեց հարցից՝ նշելով, թե բոլորն են քաջատեղյակ, որ այդ հաղորդումը ՀՀ վարչապետի աջակցությամբ է հեռարձակվում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս