ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը համոզված է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը կասկածելի է: «ՀՀ Սահմանադրական դատարանն իր 04.10.2006թ. որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ աշխատավարձը հանդիսանում է անձի սեփականությունը: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը: Իսկ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Դրանից ուղղակիորեն բխում է, որ եթե պետությունն ունի իրեն սոցիալական հռչակելու փաստից բխող իրավական պարտավորություններ, ապա դրանք չպետք է ապահովվեն քաղաքացիների մասնավոր սեփականության եւ այդ սեփականությունն ազատորեն տնօրինելու իրավունքի հաշվին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պարոն Պետրոսյանը` հավելելով, որ հիմա այդ օրենքի ուժով քաղաքացին մասամբ զրկվում է իր սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու սահմանադրական իրավունքից: «Իսկ եթե ոմանք չեն ուզում ծիծաղից սպանել մեզ, ապա թող չպնդեն, թե պետությունը մեր փոխարեն մտածում է մեր մասին: Հիմա մենք սրտից այդքան ուժեղ չենք, եւ այդ հախուռն ծիծաղի հետեւանքները կարող են շատ ծանր լինել»,-նշեց նա:
ՄԵՐԺԵՑԻՆ
Կառավարության երեկվա նիստում ընդունված եզրակացությամբ մերժվեց «Ապրանքաշրջանառության հարկային դրույքների նվազեցման մասին» ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագիծը: Պատգամավորն առաջարկել էր առեւտրային եւ արտադրական ընկերությունների համար հարկային դրույքը 3,5%-ից նվազեցնել 2,5%-ի, մնացածների համար՝ 5-ից 4%-ի: Ըստ կառավարության` արտադրական ոլորտի 25 սուբյեկտների շրջանում կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ եթե դրա փոխարեն եկամտահարկ վճարեին, այն կկազմեր ապրանքաշրջանառության ոչ թե 3, այլ 6 տոկոսը: «Հետեւաբար, օրենքն արդեն նրանց օգտին է աշխատում»,-ասված է կառավարության եզրակացությունում: Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչ արժեն մանր ու միջին բիզնեսին աջակցելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները:
Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արդեն 4-րդ օրն է՝ 2 դատապարտյալ շարունակում են հացադուլը: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնել է, որ դատապարտյալները դժգոհում են իրենց քրեական գործից. «Նրանք առանձին խցերում են եւ բժիշկների մշտական հսկողության տակ»: