ՉԷ՛, ՍԱ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՆ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերը կհիշեն, թե շաբաթներ առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության կին պատգամավորներն ինչպես էին իրար հետ մի քանի օր շարունակ թեժ պայքար մղում պաշտոնական այցով Լատինական Ամերիկայի երկրներ մեկնող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Կանացի պայքարի արդյունքում հաղթող դուրս եկան Մարգարիտ Եսայանն ու Ռուզան Մուրադյանը, որոնք եւս 8 պատգամավորների հետ նոյեմբերի 18-26-ը մեկնեցին Լատինական Ամերիկա:

Իսկ ի՞նչ տվեց այդ այցը հայ պատգամավորներին: Առանձնապես ոչինչ: Հանդիպումների ցանկն ուսումնասիրելիս պարզվում է, որ դրանց մեծ մասը, ըստ էության, կազմակերպվել էր պարզապես աշխատանքի տպավորություն ստեղծելու համար: Թեեւ ի սկզբանե ակնհայտ էր, որ ՀՀԿ-ական կանանց պայքարը ոչ թե Լատինական Ամերիկայի երկրներում խորհրդարանական բուռն գործունեություն ծավալելու նպատակ էր հետապնդում, այլ ընդամենը Բրազիլիայում, Արգենտինայում եւ Ուրուգվայում ճամփորդելու առիթից օգտվելու համար էր: Այդ այցելության մասին պատմող հեռուստառեպորտաժներում եւս երեւում է, թե ինչպես էին ՀՀԿ-ական տիկնայք Լատինական Ամերիկայում զբաղված տեսարժան վայրերը լուսանկարելով կամ էլ Հովիկ Աբրահամյանի կողքին կանգնած՝ հիացմունքով նայում օտարերկրացի պաշտոնյաներին ու ժպտում:
Եվ ահա, նրանց առաջին կանգառը եղել է Բրազիլիան. այստեղ նրանք հանդիպել են Սան Պաուլոյում ՀՀ հյուպատոսարանի աշխատակազմի, տեղի հայ համայնքի հետ, այցելել հայկական Սուրբ Գրիգոր հայ առաքելական եկեղեցի, Դուրյան վարժարան: Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սան Պաուլոյի քաղաքապետ Ֆերնանդո Հադդադը: Եվ միայն այցի երկրորդ օրը` նոյեմբերի 20-ին, Հ. Աբրահամյանին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսը: Արգամիչն էլ առիթը բաց չի թողել ու Ալվեսի հետ արծարծել է Ղարաբաղյան խնդիրը, հիշեցրել, որ այդ երկրի խորհրդարանի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացվել էր ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագիծ, որն արտացոլում էր ադրբեջանցիների խեղաթյուրած պատկերացումները, նաեւ շնորհակալություն է հայտնել, որ Ալվեսն արձագանքել է իր նամակին ու բանաձեւի նախագիծն օրակարգ չի մտցրել:
Հետո ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ուրուգվայ: Այստեղ Աբրահամյանը հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Ավելի ուշ եղել է Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող «Արմենիա» հրապարակում, որտեղ էլ տեղի հայերի հետ մի ուրախ պար բռնել Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ: Աբրահամյանը հանդիպել է նաեւ Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի, ինչպես նաեւ այդ երկրի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հետ: Ու միայն այցի չորրորդ օրը պատվիրակության բոլոր կին անդամներն առանձին, առանց Հ. Աբրահամյանի, հանդիպել են Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայում ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամներին: Այստեղ նրանք մի քանի ընդհանուր նախադասություն են փոխանակել, կարեւորել համագործակցությունը, փոխգործակցությունը եւ այլն, եւ այլն:
Ուրուգվայից հետո հայկական պատվիրակությունը մեկնել է Արգենտինա. սկզբում նրանք հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչներին: Հետո արդեն տեղի է ունեցել Հ. Աբրահամյանի հանդիպումն Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի, ապա՝ Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: ՀՀ ԱԺ նախագահի հետ Լատինական Ամերիկա մեկնած բազմամարդ այս պատվիրակությունն առանց Հ. Աբրահամյանի մի հանդիպում էլ ունեցել է վերջին օրը Արգենտինայում այդ երկրի Կոնգրեսի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ, որից հետո արդեն նրանք վերադարձել են Երեւան:
Ընդգծենք, որ Աբրահամյանի շքախմբում ընդգրկված է եղել 10 պատգամավոր` 6 ՀՀԿ-ական ու մեկական պատգամավոր էլ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ խմբակցություններից (ՀԱԿ-ը հրաժարվել էր այս գործուղմանը մասնակցել), որոնք, փաստորեն, ԱԺ նախագահին ուղեկցելուց, նրան կողքին լուսանկարվելուց բացի, ընդամենը երկու հանդիպում են ունեցել:
Ու այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչ իմաստ ուներ այդքան մեծ շքախմբով մեկնելը: Առավել եւս, որ հրավիրող կողմերի վրա եղել են կեցության ծախսերը, իսկ ահա ինքնաթիռի տոմսերը գնել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Երեկ «Ժողովուրդ»-ն ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից տեղեկացավ, որ դեպի Լատինական Ամերիկայի երկրներ էկոնոմ դասի ավիատոմսի գինը տատանվում է 1600-1800 եվրոյի սահմաններում: Ասել է թե՝ այս ուղեւորության վրա ծախսվել է ամենաքիչը 25-30 հազար եվրո գումար (նկատի ունենանք, որ բացի պատգամավորներից՝ պատվիրակության կազմում են եղել նաեւ աշխատակազմի եւ անվտանգության ծառայության աշխատակիցներից):
«Չէ՛, սա Ռիո դե Ժանեյրոն չէ,-կասեր Օստապ Բենդերը եւ Բալագանովի մոտ կանկեղծանար,-ես մանկուց երազել եմ գնալ Ռիո դե Ժանեյրո… Այնտեղ մեկուկես միլիոն մարդ կա, եւ բոլորն էլ անխտիր սպիտակ շալվարներով»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս