Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը լայնածավալ կրճատումներ է իրականացնում բուհում: Թեեւ առայժմ դրա իրական նպատակների մասին չի հաղորդվում, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նպատակը փոքրաթիվ դասախոսներով այլ շենքում գործունեություն ծավալելն է: Կոնսերվատորիայի ներկայիս շենքը գերել է մեծահարուստներից մեկին:
Մինչ կոնկրետ այս բուհի ներսում կատարվող իրադարձություններին անդրադառնալը, հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 1-ին՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է սկսել բուհերի խոշորացման գործընթաց: Նա դարձյալ հղում արեց միջազգային փորձագետների խոսքին, որոնք առաջարկում են փոքր բուհերը խոշորացնել, իսկ մեր բուհերը համարվում են փոքր:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցները տեղեկացրին, որ բուհի ռեկտոր Շահեն Շահինյանն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ աշխատողներն իրենց կամքով լքեն բուհը: «Վարձատրում է ժամավճարով, դա էլ դեռ քիչ չէ, բուհի բաժինների ղեկավարներին հանձնարարում է իրենց ենթակա դասախոսների անունից աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել: Ու երբ, օրինակ, բաժնի պետերը դասախոսներին հայտնում են, որ ազատված են, բնականաբար, նրանք զայրանում են: Բաժնի պետերն էլ հայտնում են, որ ռեկտորն է նման որոշում կայացրել: Ու այստեղ սկսվում է «կինոն». վրդովված դասախոսները, երբ փորձում են պարզաբանում պահանջել, ռեկտորն ասում է, թե ինքն այդ դիմումի հետ կապ չունի՝ մեղքը բարդելով խմբի ղեկավարի վրա»,-ներկայացրեց դասախոսներից մեկը:
Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց բուհում գրեթե բացահայտ խոսվում է այն մասին, որ առնվազն մեկ տարվա ընթացքում կոնսերվատորիայի աշխատակիցները կտեղափոխվեն մեկ այլ շենք, որպեսզի կոնսերվատորիայի այսօրվա՝ Երեւան, Սայաթ-Նովայի 1ա հասցեում գտնվող շենքը հանվի վաճառքի: Տեղում մտադրվել են հյուրանոց կառուցել:
«Ժողովուրդ»-ը բուհում առկա խնդիրների շուրջ զրուցեց 2011թ. սեպտեմբերի 3-ին ռեկտոր նշանակված Շահեն Շահինյանի հետ:
-Պարո՛ն Շահինյան, կոնսերվատորիայի մի խումբ աշխատակիցներ նշում են, որ Դուք աշխատավարձը դարձրել եք ժամավճարով եւ ամեն ինչ անում եք, որ դասախոսներն իրենց կամքով լքեն բուհը, քանի որ հեռահար նպատակներ կան:
-Մեզ մոտ սպեցիֆիկ աշխատելաոճ է: Մեզ մոտ մեկ ուսանողից կախված է մեկ դասախոսի ժամաքանակը, ու դրանից որոշվում է դասախոսի դրույքաչափը: Հիմա ունենք այնքան դասախոս, որ այդքան դասախոսներին ուսանող չենք կարող բավարարել: Մեզ մոտ դասախոսի ժամերը ապահովում է ուսանողը՝ իր դիմումների համաձայն: Ուսանողը գալիս է, դիմում գրում՝ հայտնելով, որ ինքն ուզում է սովորել Էդուարդ Թադեւոսյանի մոտ, եթե ես իրեն չտամ այդ հնարավորությունը, նա չի գա կոնսերվատորիա: Հիմա մենք ունենք դասախոսներ, որ ուսանողները չեն ուզում սովորել նրանց մոտ, ի՞նչ պետք է անենք: Ավելին՝ ունենք թոշակի տարիքի դասախոսներ, որոնց համար դասաժամեր ենք հնարել, այո՛, հնարել, որովհետեւ այդ մարդիկ ամագ ունեն թափած այս շենքի վրա: Հետո պետք է հասկանաք, որ երիտասարդության ժամանակաշրջանն է: Հաստիքացուցակ ասածն այսօր անհասկանալի վիճակի մեջ է մեզ մոտ: Թացը չորի հետ խառնվել է, այնպիսի մարդիկ կան կոնսերվատորիայում, որոնք իրավունք չունեին անգամ երաժշտական դպրոցներում դասավանդել: Կա դասախոս, որ 10 տարի է, ինչ իր մոտ ուսանող չկա, բա մի օր չասե՞ս, որ դու այստեղ անելիք չունես: 1 դրույքով դասախոս ենք ունեցել, բայց մեկ ուսանող չունեն, դրա համար էլ ժամավճար ենք արել:
-Իսկ ինչո՞ւ եք մարդկանց փոխարեն դիմումներ գրում, հետո էլ հրաժարվում Ձեր գրած դիմումից` այդ ամենը բարդելով խմբերի ղեկավարների վրա:
-Դա ես կապում եմ մեկ բանի հետ, որ սուտ ժամեր պետք չէ գրել: Եթե դու չունես ուսանող, բա ինչի՞ տակ պետք է ընկնես: Շենքը կարո՞ղ է աշխատողին էլ պահի, չաշխատողին էլ:
-Փաստորեն, կրճատումները շարունակվելո՞ւ են:
-Իհարկե եղել են: Նաեւ ընդունել ենք դասախոսներ, բայց շատ քիչ, քանի որ աշխատող կոնտիգենտը շատ է: Ամբողջ Եվրոպայում այդքան դասախոս չկա, ինչքան մեզ մոտ: Ոնց որ ֆուտբոլի թիմ ունենաս, որտեղ 11 հոգի պետք է խաղա, բայց մոտ 400 հոգով հավաքվեն: Ես իմ արածին տեր եմ: Այսօր մեր արժեքավոր երաժիշտը պետք է աշխատի, եւ անարժեքը չպետք է նրա աշխատավարձն ուտի:
-Այսինքն՝ այսօր կոնսերվատորիայում անարժեք դասախոսների թիվը շա՞տ է:
-Ոչ թե կան, այլ շատ են, պահակից սկսած, ուսանողից վերջացրած՝ հարցնեք, կասեն: Մարդը ոչ մի տեղ աշխատանք չի գտել, նույնիսկ մանկապարտեզի դաշնակահարի աշխատանք, բայց կոնսերվատորիայում աշխատում է: Ես նման բան չեմ կարող հանդուրժել:
-Բայց խոսվում է, որ այս կրճատումների իրական պատճառն այն է, որ կոնսերվատորիայի տարածքը փոխվելու է:
-Հա՛, ճիշտ է, փոխվելու է (ծիծաղում է-Ք. Մ.): Այսինքն՝ պետությունը մեզ այդքան ֆինանսական օժանդակություն տվեց, որ դահլիճ սարքենք, Դուք ասում եք փոխե՞լ: Ո՞վ է այդ շիզոֆրենիան մտցրել մարդկանց մեջ:
-Ձեր դասախոսները պնդում են, որ շենքը վաճառվելու է, որպեսզի տեղը հյուրանոց կառուցվի:
-Մենք շենքն ընդլայնում ենք, որ ծախե՞նք: Բացառված է դա: Այսինքն՝ ես երկրի պրեզիդենտը չեմ, որ ասեմ՝ բացառված է: Այս պահի դրությամբ չկա նման բան:
-Իսկ հետո՞:
-Հետո չգիտեմ՝ ինչ կլինի: Ասենք՝ 90 տարի առաջ կոնսերվատորիան Սպենդիարյան փողոցում էր, հետո փոխվեց: Եթե վաղը հարց կլինի, որ այս շենքից ավելի լավ մասնաշենք կունենանք, հա՛, շատ լավ կլինի, բայց չունենք: Այս շենքը կոնսերվատորիայի համար ֆանտաստիկ կառուցված շենք չէ: Բայց, կրկնում եմ, այժմ նման բան չկա:
Հ.Գ. Իսկ թե ինչ կլինի ապագայում, գիտեն միայն Աստվածն ու Սերժ Սարգսյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ