ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԻՇԵԼՈՎ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Գյումրի քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված, վագոն-տնակում բնակվող Կարապետ Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի 26-ին իր կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 88 կմ-ում՝ դեպի Վրաստանի սահմանի ուղղությամբ ժամում 70 կմ արագությամբ ընթանալիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 65 եւ 66 կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով ավտոբուսը, ընկնելով սահքի մեջ եւ դառնալով անկառավարելի, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, այնուհետեւ դուրս գալով ճանապարհի բանուկ մասից դեպի ձախ՝ ենթարկվել է վթարի: Արդյունքում ուղեւորներ Ավետիք Թորոսյանը տեղում, իսկ Լիանա Մկրտչյանը հիվանդանոցում մահացել են, Ռուդիկ Խաչատրյանը ստացել է առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս, իսկ Հրաչիկ Խաչատրյանը՝ առողջության միջին ծանրության վնաս:
Նախկինում դատված, դատվածությունը մարած Կ. Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կ. Կոջօղլյանը, պատշաճ կերպով տեղեկացված լինելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում նոյեմբերի 14-ին նշանակված նիստի մասին, դատարան չի ներկայացել: Դատարանը 2013թ. նոյեմբերի 14-ին կայացրել է ամբաստանյալին բերման ենթարկելու որոշում: Վերջինս, սակայն, 2013թ. նոյեմբերի 26-ին նշանակված դատական նիստին դարձյալ չի ներկայացել: Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է ամբաստանյալ Կ. Կոջօղլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, փոխել եւ խափանման միջոց ընտրել կալանավորումը: Նշենք, որ դատավարության մասնակիցները Գյումրուց 2 անգամ մեծ ճանապարհ էին կտրել՝ դժվարանցանելի ճանապարհներով հասնելով Բերդ:
Այս վթարն իր հետեւանքներով համարժեք է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին: Վ. Պետրոսյանը նախկինում դատված չէր, պատասխանատվությունից եւ պատժից չէր խուսափում, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը, իսկ այս դեպքում՝ ստորագրությամբ չհեռանալը: Այս համեմատությունն ավելորդ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի արդարադատության համակարգում գործում են երկակի ստանդարտներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս