ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է»-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ոսկու աշխարհ» առեւտրաարտադրական համալիրի աշխատակիցների համբերության բաժակը լցվել էր. կառավարության շենքի դիմաց հավաքվել էին 60-ից 70 վաճառողներ, որոնք դժգոհում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության գործունեությունից: Բանն այն է, որ տեսչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում ոսկու շուկայում եւ խոշոր չափերի տուգանքներ նշանակում ոսկու «Սասունցի Դավիթ» հարգի սխալ դրոշմի համար:

«Տուգանում են մի բանի համար, որի մեջ մեր մեղավորությունը չկա. հարգադրոշմման ինսպեկցիան կնիքը սխալ, ծուռ է խփում, արդյունքում տուժում ենք մենք: Մեր գործընկերներից մեկին 2 մլն 700 հազար դրամի տուգանել են արդեն, բայց մենք ի՞նչ ենք աշխատում, որ այսքան էլ տուգանք վճարենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ոսկու շուկայի աշխատակից Անահիտ Սաֆարյանը: Բողոքողների խոսքով՝ նույնիսկ 25 հազար դրամանոց զարդի համար տուգանում են 50 հազար դրամ: Ու, այսուհանդերձ, շատերը չեն միացել իրենց, որովհետեւ վախենում են: Պետք է նշել, որ իրականում վախի մթնոլորտ առկա էր. վաճառողները խուսափում էին իրենց անունները նշել, առավել եւս՝ տվյալներ տրամադրել, որպեսզի հնարավոր լիներ հետագայում կապ հաստատել նրանց հետ:
Հետաքրքիր է, որ, ինչպես ներկայացնում էին շուկայի աշխատակիցները, իրենց համար առավել հարմարավետ է աշխատել թուրքական ոսկով: Սակայն այս պարագայում էլ, բնականաբար, ոչ հայկական հարգադրոշմ է լինում ոսկու վրա: Ուստի վաճառողներից պահանջում են, որ նախորդ կնիքը մաքրեն եւ փոխարենը «Սասունցի Դավիթ»-ը խփեն՝ արտասահմանյան ապրանքը ներկայացնելով որպես հայկական:
«Բայց մի՞թե անհնար է հասկանալ, որ այսպիսով ոսկին փչանում է, շատ զարդեր չափազանց բարակ են եւ չեն կարող կրել միաժամանակ այդքան կնիք ու հարգադրոշմ: Իսկ թուրքական ոսկով աշխատում ենք, որովհետեւ ե՛ւ որակյալ է, ե՛ւ ձեռնտու»,-նշեց վաճառողը, որը հասկանալի պատճառով հրաժարվեց ներկայանալ:
Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Վաղարշ եւ որդիներ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Վաղարշ Աբրահամյանը նշեց, որ իր համար անսպասելի է եղել աշխատողների գործադուլը: Ըստ նրա` օրենքի պահանջ է, որ վաճառվող զարդերը պետք է ունենան պիտակներ, դրոշմներ, ինչն էլ իրականացնում են լիցենզավորված կազմակերպությունները. «Չգիտեմ, թե ինչու է նախարարությունը վրդովված: Մանրուքների համար այսպես ճնշելը սխալ է: Իրականում, եթե որակի հետ կապված խնդիր են տեսել, մեր կազմակերպությանը պետք է տուգանեն, ոչ թե վաճառողներին, որոնք նման հարցերում մեղավոր չեն»:
Ի դեպ, երեկ «Ժողովուրդ»-ը «Ոսկու շուկայում անտերություն է» հոդվածում անդրադարձել էր ոլորտում տիրող բարձիթողի վիճակին, որի վերջին եւ վառ ապացույցն էլ, փաստորեն, շուկայի աշխատակիցների երեկվա գործադուլը եղավ: Պատասխանատու օղակները, անշուշտ, հենց երեկ չափազանց անհասանելի էին` կատարվածին որեւէ մեկնաբանություն տալու համար: Սակայն բողոքի ակցիայի ընթացքում վաճառողներին մոտեցավ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ հավաքվածներին խորհուրդ տվեց վերադառնալ աշխատանքի՝ խոստանալով, որ տեսուչները նրանց այլեւս չեն այցելի:
Ինչեւէ, այս իրադարձությունների համատեքստում արժե հիշել վերջերս՝ հոկտեմբերի 28-ին կայացած «Yerevan Show 2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանը եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ խոսում էին հայաստանյան «ոսկյա» միջավայրի ձեռքբերումների, զարգացումների մասին, նույնիսկ հավաստում, որ միջազգային ասպարեզում ներկայանալու արժանի ոլորտ ու արտադրանք ունենք: Բայց, ինչպես տեսնում ենք, մեղմ ասած, ոչ մի համընկնում «Ոսկու աշխարհ»-ի վերջն իրադարձությունների ու ցուցահանդեսի ժամանակ հպարտացող պատասխանատուների հավաստիացումների միջեւ: Այսպիսով՝ գուցե հարկ է նախ ներքին խնդիրները կարգավորել կամ այս պարագայում գոնե խնդիրներ չստեղծել, ապա նոր խոսել ոլորտի առաջխաղացումների մասին: Տեղին է նորից մեջբերել մեզ հետ զրուցած վաճառողների վկայությունը, թե ինչպես թուրքական ոսկու հարգադրոշմը ստիպում են ջնջել ու տեղը «Սասունցի Դավիթ»-ը կնքել: Դեռ այս ամենով հանդերձ էլ խոսում են հարգադրոշմի ծուռ լինելուց՝ միլիոնավոր դրամներով տուգանելով հացի փող վաստակող վաճառականներին: Գուցե միջազգային հարթակներո՞ւմ էլ պատրաստվում են թուրքական ապրանքին «Դավիթ» խփած պարծենալ:
Հ.Գ. Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը երեկ 1in.am-ի հետ զրույցում ասել է. «Բացառվում է, որ պրոբը սխալ խփված լինի: Իրենց էտիկետկեքը չկախելու համար են տուգանել: Իսկ եթե պրոբի համար լինի, եթե պարզվի, որ մենք հարգորոշումը սխալ ենք կատարել, ես պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը: Ես պատրաստ եմ իրենց փոխարեն վճարել տուգանքները»: Նա նշել է, որ ինքը աշխատողներին բազմիցս խնդրել է գալ իր մոտ, խոսել, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, բայց չեն գալիս. «Այսօր հազար անգամ խնդրել ենք, ասել ենք՝ փողոցից նե՛րս եկեք, նստե՛ք, աշխատե՛ք, կգան ստուգման, մենք էլ ձեզ հետ մասնակից կլինենք, կպարզենք՝ ինչն ինչոց է, եւ այլեւս չի լինի այն, ինչ եղել է, բայց չեն ենթարկվում: Բայց ես պնդում եմ. եթե պարզվի, որ մեղքը մերն է, սխալ հարգորոշում է կատարվել, ես պատրաստ եմ նրանց փոխարեն վճարել բոլոր տուգանքները»:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս