ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՆՐԻԽԸ ԳԵՐԱԶԱՆՑ ԽԱՂԱՑ

Նոյեմբերի 26-ին եւ 27-ին կայացան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումները։ Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, 3։1 հաշվով հաղթեց իտալական «Նապոլի»-ին, վաստակեց 9 միավոր եւ փլեյ-օֆֆ դուրս գալու շատ լավ հնարավորություն ստացավ։ Հիշեցնենք, որ 9-ական միավոր ունեն նաեւ «Արսենալ»-ն ու «Նապոլի»-ն, որոնք դեկտեմբերի 11-ին կայանալիք վերջին տուրում ուժերն են չափելու Իտալիայում, իսկ «Բորուսիա»-ն արտագնա հանդիպում է անցկացնելու ֆրանսիական «Մարսել»-ի հետ, որը ոչ մի միավոր չի վաստակել։ Հաղթանակի դեպքում դորտմունդցիները, անկախ խմբի մյուս խաղի արդյունքից, կնվաճեն փլեյ-օֆֆի ուղեգիր։ Դե, իսկ «Մարսել»-ը կորցնելու ոչինչ չունի եւ կարող է հեռանալուց առաջ դուռը պարզապես շրխկացնել… Կան տարբերակներ, երբ նույնիսկ պարտվելու դեպքում հնարավոր կլինի շարունակել պայքարը, բայց չարժե մտածել դրա մասին։ Վերադառնալով «Նապոլի»-ի հետ հանդիպմանը՝ նշենք, որ Հենրիխն աչքի ընկավ ակտիվ, գրագետ խաղով, փոխանցումներով, խաբսերով, բայց, ցավոք, գոլ չհեղինակեց։ Ի դեպ, անգլիացի ֆուտբոլային մեկնաբանն ընդգծեց` եթե «Բորուսիա»-ի կազմում կա ֆուտբոլիստ, որն արժանի էր գրավելու մրցակցի դարպասը, դա Հենրիխ Մխիթարյանն էր։ Իսկ ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղի մասին ասաց. «Հաղթանակը դեռեւս ոչինչ չի երաշխավորում։ Մենք պետք է շարունակենք ձգտել առաջընթացի: Ինչ վերաբերվում է Մխիթարյանին, ապա նա այս խաղում ցուցադրեց բացարձակ արդյունավետություն, ինչպիսին դրսեւորեց «Շալկե-04»-ի հետ հոկտեմբերի 26-ին կայացած դերբիում (3:1)»:

ՈՉ-ՈՔԻ, ՀԱՂԹԱՆԱԿ…

Թուրքական Անթալիայում նոյեմբերի 26-ին մեկնարկեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Առաջին տուրում մոլորակի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Ռուսաստանի ուժեղ ընտրանու հետ: Բոլոր պարտիաները՝ Կրամնիկ-Արոնյան, Մովսեսյան-Կարյակին, Գրիշչուկ-Հակոբյան եւ Սարգսյան-Նեպոմնյաշչի, ավարտվեցին ոչ-ոքի։ Ամենայն հավանականությամբ, թիմերը ռիսկի չեն դիմել՝ առաջնորդվելով «ավելի լավ է չպարտվել առաջին խաղում» կարգախոսով։ Հիշեցնենք, որ վերջերս Լեհաստանում ավարտված Եվրոպայի առաջնությունում մեր տղաները հաղթեցին ռուսներին, բայց նույնիսկ մրցանակային տեղ չզբաղեցրին։ Մինչդեռ կարող էին հռչակվել Եվրոպայի չեմպիոն, եթե վերջին տուրում ոչ թե ոչ-ոքի խաղային, այլ կարողանային հաղթել ադրբեջանցիներին… Երկրորդ տուրում մեր մրցակիցն անհամեմատ թույլ Եգիպտոսի հավաքականն էր, որի նկատմամբ հաղթանակն ապահովեցին Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, իրենց հանդիպումները ոչ-ոքի ավարտեցին Սերգեյ Մովսեսյանը եւ Գաբրիել Սարգսյանը։ Իսկ Լեւոն Արոնյանը հանգստի հնարավորություն էր ստացել։ Երրորդ տուրում մեր մրցակիցն ամերիկացիներն էին, որոնց հաղթեցինք 2,5-1,5 հաշվով։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս