ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԿԱՆԱՅՔ

Բրիտանական Wealthinsight ուսումնասիրությունների կենտրոնը հարուստների համար նախատեսված Spear՚s ամսագրի պատվերով հաշվել է միլիոնատեր կանանց թիվը տարբեր երկրներում: Առաջին տեղում Պորտուգալիան է, որտեղ նրանք կազմում են երկրի միլիոնատերերի 23,8%-ը, երկրորդ տեղում Ֆիլիպիններն է՝ 21% ցուցանիշով, իսկ երրորդ տեղում Պերուն է՝ 18,3%-ով: Շվեյցարիան զիջել է Նորվեգիային, սակայն առաջ է անցել Բրիտանիայից: Հատկանշական է, որ Գերմանիայում, որտեղ ամենուր հնչում է սեռերի հավասարության մասին, կանայք երկրի միլիոնատերերի ընդամենը 9,6%-ն են կազմում: Իսկ Ֆրանսիայում այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է՝ 8,5%: Ցուցակի վերջին տեղերը զբաղեցնում են Ռուսաստանը, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան եւ Ճապոնիան:

ՈՍԿՅԱ ՋՈՒԹԱԿՆԵՐՈՎ

Ճանաչված FUSE խմբի ջութակահարներ Լինզի Ստոպարդն ու Բեն Լին ոսկերիչ Թեո Ֆենելի հետ համագործակցության շնորհիվ այսուհետ ելույթ կունենան 24 կարատանոց ոսկուց պատրաստված ջութակներով: Ինչպես նշում է Daily Mail-ը, ջութակների գինը 2 մլն դոլար է: Դրանք զարդարված են սուտակով, շափյուղայով ու ադամանդով: Խմբի անդամներն ասել են, որ չեն համբերում, թե երբ են իրենց նոր, հրաշալի գործիքներով համերգներ տալու տարբեր երկրներում: Դրանք պատրաստելու համար պահանջվել է 9 ամիս: Նշենք, որ խումբը նախկինում համագործակցել է Swarovski ընկերության հետ՝ ստեղծելով աշխարհում առաջին բյուրեղապակյա ջութակները:

ՏԱՐՎԱ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Ջուլիան Ասանժի մասին «Հինգերորդ իշխանություն» կենսագրական ֆիլմը գլխավորել է «Տարվա կինոձախողումներ»-ի ցուցակը, որը կազմել է Forbes ամսագիրը: Ֆիլմի ռեժիսորը Բիլլ Կոնդոնն է: Այն պատմում է WikiLeaks-ի գոյության առաջին տարիների, ինչպես նաեւ դրա հիմնադիր ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժի մասին: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013-ի սեպտեմբերի 5-ին: Ըստ Forbes-ի՝ 28 մլն դոլարանոց բյուջե ունեցող ֆիլմն իր պրեմիերայի օրվանից հավաքել է ընդամենը 6 մլն ԱՄՆ դոլար: Ապա հետեւում են Սիլվեսթեր Սթալոնեի մասնակցությամբ «Կրակոց գլխին» եւ Հերի Օլդմանի մասնակցությամբ «Պարանոյա» ֆիլմերը, որոնք կարողացել են վերադարձնել իրենց ծախսերի համապատասխանաբար 36 եւ 39 տոկոսը:




Լրահոս