«ՄԱՏՈՒՑՎՈՒՄ Է ԱՆՃԱՇԱԿ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ԵՐԳԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1956թ. նոյեմբերի 29-ին` Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հեռարձակվեց Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: Ցուցադրվեց մեկ գեղարվեստական կինոնկար եւ Մոսկվայում տեղի ունեցած հայկական գրականության ու արվեստի տասնօրյակի եզրափակիչ համերգին նվիրված կինոնկար:

«Ժողովուրդ»-ը Հայկական հեռուստատեսության օրվա առթիվ զրուցեց ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանի հետ, բայց մեր զրույցը, ցավոք, տոնական չստացվեց:
«Այն սուղ, խղճուկ պայմաններում, համեստ մի ստուդիայում ավելի կարեւոր ազգային գործ էր արվում, քան այսօրվա բազմաթիվ սրահներ ունեցող շքեղ հեռուստաընկերություններում, որոնց հաղորդաշարերում գերակշռում է սիրողական մակարդակը, անճաշակությունը, ապազգայնությունը, երեւույթներ, որոնք խաթարում են մեր ժողովրդի բարոյական դեմքն ու նկարագիրը»,-նշեց մեր զրուցակիցը։ Ըստ նրա` հեռուստաեթերն ամենահզոր քարոզչամիջոցն է աշխարհում, եւ հատկապես այս օրերին պարտավոր ենք այն օգտագործել աճող սերնդին ազգային բարձր ինքնագիտակցությամբ դաստիարակելու համար. «Բայց մենք նրան դաստիարակում ենք սին, անարժեք, էլ չեմ ասում՝ հաճախ փողոցային մակարդակի երեւույթներով: Խորին ափսոսանք եմ հայտնում, որ այսօր հեռուստատեսության աշխատողներին շնորհավորելու փոխարեն արտահայտում եմ սրտիս ցավը։ Այդ օղակներում ազնիվ մարդիկ էլ կան, ովքեր, կառչած լինելով իրենց համեստագույն աշխատավարձից (ուրիշ հնար չունեն), լուռումունջ, տառապանքի գնով տանում են տվյալ հեռուստաընկերության պահանջներից բխող անճաշակությունը»։
Խորհրդային տարիների եւ այժմյան հեռուստաեթերը համեմատելով` ժողովրդական արտիստը նկատեց, որ այն ժամանակ համամասնություն կար եվրոպական, հայկական, դասական երաժշտությունը, ինչպես նաեւ ազգային, ժողովրդական, աշուղական, էստրադային երաժշտությունը հեռուստատեսությամբ ներկայացնելու առումով, եւ հայ հեռուստադիտողն ընտրության հնարավորություն ուներ՝ որն է իրեն ավելի սրտամոտ, որն է իր հոգու խոսնակը. «Այսօր ընտրություն չունի, այսօր մեծամասամբ ազգային երաժշտության փոխարեն մատուցվում է անճաշակ ռեստորանային երգը (իհարկե, որոշ ալիքներում բացառություններ կան), այդ տաշի-տուշին ներկայացվում է ոչ միայն մեր եթերում, այլեւ քարոզվում, գովազդվում է աշխարհի անկյուններում` այդ «արվեստ» կոչվածը մատուցողների համերգների միջոցով»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս