
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն արդեն ներկայացրել է կառավարության ծրագրի իր առաջարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Առհասարակ, ԲՀԿ-ի քաղաքական կուրսն ու գործելակերպը ենթադրում է, որ եթե որևէ պարագայում հնարավոր է ինչ-որ դրական, ժողովրդանպաստ գործ իրականացնել, բնական է, որ մենք պետք է դա անենք: Դրա համար ենք մենք աշխատում խորհրդարանում, դրա համար ենք մենք հավակնում պետական կառավարման համակարգում որոշումների կայացմանը, բայց եթե այդ գործողությունն ինքնանպատակ չէ և պարզապես աշխատանքի իմիտացիա չի առաջացնում»,-նշեց նա:
Ուրիխանյանը հավելեց, որ առաջարկները տարբեր բլոկներից են եղել, սակայն շեշտադրումը տնտեսական բլոկի վրա է եղել, և հաշվի են առնվել Ծաղկաձորում կայացած տնտեսական ֆորումի քննարկումներն ու դրանց արդյունքները:
Նշենք, որ կառավարությունը քաղաքական ուժերին առաջարկել է կառավարության ծրագրի կազմման համար առաջարկներ ներկայացնել: