Մեկնարկել է ՀՀ, ՌԴ և Վրաստանի մաքսային ծառայությունների եռակողմ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում այսօր Երեւանում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձեւակերպումների առանձնահատկությունները:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ եռակողմ ձեւաչափն ընտրվել է երեք պետությունների սահմանային անցակետերով ապրանքների տեղաշարժն արագ եւ առանց բարդությունների կազմակերպելու նպատակով: Կողմերը որոշում են կայացրել սահմանահատման ընթացակարգերի հստակեցման եւ պարզեցման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու եւ համատեղ լուծումներ առաջարկելու նպատակով աշխատանքային մասնագիտացված խմբեր ձեւավորել եւ երկրներից յուրաքանչյուրի մաքսային ծառայության տեսանկյունից կարգավորման ենթակա խնդիրների ցանկը ներկայացնել համատեղ քննարկման:

ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ քննարկվել են հիմնականում այն հարցերը, որոնք կարող են ի հայտ գալ ՄՄ անդամակցության գործընթացում. «Անդրադարձել ենք տարանցիկ բեռնափոխադրումներին առնչվող հարցերին, քանի որ ՄՄ անդամակցության արդյունքում ապրանքաշրջանառության ծավալների աճ ենք ակնկալում: Այդ նպատակով հրավիրել ենք նաեւ Վրաստանի մեր գործընկերներին` հաշվի առնելով տարանցիկ փոխադրումների հետ կապված հավանական խնդիրների կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարեւորությունը: Պայմանավորվեցինք շատ կարեւոր` տեղեկատվության փոխանակման տեխնոլոգիաների կատարելագործման եւ նախնական հայտարարագրման գործընթացում համակարգված աշխատելու մասին, որպեսզի, նախքան սահմանահատումը, անհրաժեշտ տեղեկատվությունը լինի մաքսային կետերում, ինչն ավելի դյուրին կդարձնի սպասարկումը»:

Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ՄՄ լիիրավ անդամ եւ այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են. «Այսօր մենք զուտ տեխնիկական բնույթի հարցեր ենք քննարկել: Հայաստանի` ՄՄ անդամակցության գործընթացում չկա ոչ մի խոչընդոտ: Մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում ենք»: Անդրեյ Բելյանինովն առաջարկել է մեկամսյա ժամկետում ամփոփել խմբի աշխատանքի արդյունքները` շեշտելով, որ Հայաստանը, Ռուսաստանը եւ Վրաստանը ունեն համապատասխան ներուժ` ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Գվարամադձեն ներկայացված բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին Հայաստանի ֆինանսների նախարարի եւ ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի ստորագրած փոխգործակցության կարգով հստակեցվել է Ռուսաստանից չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը եւ ընդունվել են տուրքի կիրառման պարզեցված ընթացակարգեր: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բնորոշմամբ, աշխատանքային փաստաթուղթը կանխարգելիչ բնույթ է կրում. «Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք հստակեցնելու գործառույթները` կապված տարբեր ապրանքախմբերի հետ, քանի որ ոլորտում ռիսկեր ենք տեսնում, բացի այդ, այժմ բանակցում ենք ՌԴ ֆինանսների նախարարության հետ, որպեսզի ՀՀ-ում համապատասխան ձեռնարկությունը հնարավորություն ունենա, անհրաժեշտ տուրք վճարելով, արտահանում կատարել նաեւ երրորդ երկրներ, ինչը կնպաստի, որ ադամանդագործությունը լայն թափով զարգանա Հայաստանում»:




Լրահոս