Այսօր կեսօրին, մի խումբ երիտասարդներ, Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցելով ապացուցեցին, որ ակտիվ են: Այլ հարց է, որ անկոչ հյուրի կարգավիճակը որքան չսպասված էր, այնքան էլ՝ չստացված: Միգուցե գրանտակերները Միսակ Մանուշյանի անվան պուրակում իրադարձություններ ծավալելու իրենց փորձով ֆինանսական հաշվետվություն ներկայացրին հովանավորներին, բայց դա այլևս կարևոր չէ:
Տոնական միջոցառումը փչացնելու փորձը միևնույնն է իր սև հետքը թողեց, ու ո՛չ մեկ-երկու տասնյակ արտառոց արտաքինով երիտասարդների բարձրացրած աղմուկ աղաղակը, և ո՛չ էլ սոցցանցերն ու կայքերն իրենց ճնշելու մասին տեղեկություններով հեղեղելը՝ ժողովրդավարության և ազատ խոսքի արտահայտություններ չեն կարող համարել:
Տարօրինակ ու «անհասկանալի» կեցվածքը բոլորովին էլ այլախոհության և համարձակության ապացույցներ չեն: Իսկ Միսակ Մանուշյանը հաստատ այն արժանի հայորդիներից է, ում անունով արժե արհեստականորեն խնդրո առարկա դարձած պուրակն անվանակոչել: Ամենակարևորն ու անվիճելին էլ սա է:
Իր հերթին, անվանակոչության առիթը, խոստովանենք, որ ճիշտ էր ընտրված: Նաև հանուն Ֆրանսիայի ազատության պայքարած հայորդու գործի արժևորումը հենց այսօր էր պետք կազմակերպել: Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն ամեն օր չէ, որ Հայաստան է այցելում, իսկ նման հյուր ունենալը հայկական հյուրասիրությամբ զուսպ ու պարկեշտ վերաբերմունքով պետք է առանձնանար:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանությունը Մաշտոցի պուրակից բերման էր ենթարկել մի խումբ քաղաքացիների:
Դավիթ Վանեսյան