Հոգեբուժարանի աշխատակիցները հեռախոսով նկարահանել են հիվանդի մահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

33-ամյա Էդգար Շաթիրյանը մայիսի 5-ին ալկոհոլ ընդունած վիճակում իր կամքով գնացել է «Ավան հոգեկան առողջության կենտրոն», ընդունվել է ստացիոնար բուժման և նույն օրը 20.20-ին այդ հիվանդանոցում մահացել է։

Էդգարն ուներ երկու՝ 8 և 10 տարեկան երեխա: Վերջին ժամանակահատվածում հաճախ օգտագործել է ալկոհոլ, կնոջ և հարազատների հորդորով որոշել էր բուժվել «Նարկոլոգիական կենտրոնում»:

Մահվան հանգամանքները խիստ կասկածելի են Շաթիրյանի հարազատների համար, ովքեր կարծում են, որ նա մահացել է բժիշկների անբարեխիղճ լինելու, անփույթ գործելաոճի և սխալ բուժման պատճառով: Շաթիրյանի հարազատները բաց նամակ են գրել ՀՀ առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ՝ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ՝ Գևորգ Կոստանյանին: Նամակը հրապարակել է Hetq.am-ը։

«Մայիսի 5-ին, ժամը 12.00-ին Էդգարը եղբայրների՝ Նազարեթ և Արման Շաթիրյանների ուղեկցությամբ, հարբած վիճակում գնացել է նարկոդիսպանսեր, որտեղ բուժման համար նրանից պահանջել են 80.000 ՀՀ դրամ, իսկ չգրանցելու պայմանով՝ 120.000 ՀՀ դրամ:

Չունենալով այդ միջոցները, Էդգարը, անտեսելով եղբայրների առարկությունները, հարբած վիճակում գնացել է նարկոդիսպանսերի հարևանությամբ գտնվող հոգեբուժարան, որտեղ, իր կարծիքով, նույն բուժումը կիրականացվեր անվճար:

Չվճարեց դրամով, վճարեց կյանքի գնով: Էդգարին ուղեկցած Նազարեթը Ավանի հոգեբուժարանի տեղամասային հոգեբույժ Բագրատ Բերբերյանին հայտնել է, որ եղբայրը, հոգեկան հիվանդ չէ, պարզապես շատ հարբած է, ուզում է բուժվել, որ ալկոհոլ չօգտագործի: Սակայն տեղամասային հոգեբույժը, անտեսելով եղբոր ասածները, ուղեգրել է Էդգարին ստացիոնար բուժման:

Ժամը 18.00 սահմաններում Արման Շաթիրյանին արգելել են տեսակցել Էդգարին, պատճառաբանելով, թե քնած է: Անհասկանալի պատճառներով մահվան լուրը մեզ՝ հարազատներիս հայտնել են մահանալուց հետո երեք ժամ անց՝ 23.20-ին: Իսկ Էդգարի մահվան համգամանքների վերաբերյալ հարցերին ի պատասխան, հայտնել են, որ նկարել են Էդգարի մահանալու ողջ պրոցեսը հեռախոսով, և իրենք անմեղ են:

Փաստորեն, մահացող Էդգարին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, Ավան հոգեբուժական կենտրոնի բժշկական անձնակազմը զբաղվել է իրենց դիմած քաղաքացու մահը հեռախոսով նկարելով: Արդյո՞ք ցինիզմի նման ատիճանը համահունչ է Հիպոկրատի երդմանը:

Ըստ մեր տեղեկությունների, Էդգար Շաթիրյանին ներարկել են ուժեղ հոգեմետ դեղ՝ Տիզերցին: Մասնագետների կարծիքով՝ Էդգարի ալկոհոլ օգտագործած լինելու, գլխուղեղի վնասվածք ու սրտային խնդիրներ ունենալու փաստը պետք է ահազանգ հանդիսանար բժիշկներին` հոգեմետ դեղեր ներարկելիս:

Սույն նամակը խնդրում ենք ՀՀ առողջապահության նախարարությանը դիտարկել Ավանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանի, բաժանմունքի վարիչ Զառա Պետրոսյանի, հերթապահ բժիշկ Արամ Հովսեփյանի, տեղամասային բժիշկ Բագրատ Բերբերյանի նկատմամբ ծառայողական քննություն հարուցելու, իսկ ՀՀ ոստիկանությանը և գլխավոր դատախազությանը՝ անձին անզգուշությամբ մահ առաջացնելու փաստով քրեական գործ հարուցելու հաղորդում»,- ասված է նամակում:




Լրահոս