Ազգային ժողովի այսօրվա նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դիմեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, նշելով, որ ինքը կողմ է քվեարկելու նախագծին, սակայն կան իրեն մտահոգող մի շարք հարցեր:
Պատգամավորը կարծում է, որ ոչ թե ստվերում շրջանառվող ապրանքային ծավալներն են ավելացել, այլ ուղղակի այդ ապրանքների մասին բացահայտումները:
«Տնտեսվարողները, ովքեր ստվերային գործունեություն են ծավալում, իրենց գործն է՝ իրենց խղճին թող մնա: Հերիք է, ժամանակն է վերացնել ստախոսությունը պետական կառավարման համակարգում, որովհետև դա շատ վատ հետևանքներ է բերում ՀՀ բնակչության համար»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ իր համար վիրավորական է, երբ ստվերում և ոչ ստվերում գործունեություն ծավալողները համարելու են, որ իրենք կառավարությունից իրենց գործունեության ընթացքում ոչ մի ծառայողական և բարոյական գնահատական չեն ստանում: Արսենյանը նկատեց՝ նրանք վաղը, մյուս օրը գալու են ԱԺ ամբիոն և կրկին ինչ-որ օրենքի նախագիծ են ներկայացնելու, բարոյախրատական քարոզներ են կարդալու:
«Ասում եք՝ դրա դեմ պայքարում ենք, ինչի՞ դեմ եք պայքարում, ուզում եմ հասկանալ. ինչը որ կբռնվի` կբռնվի, դրա դեմ եք պայքարում: Դուք պետք է իմանաք՝ ինչի դեմ եք պայքարում, որ գաք, ասեք՝ այսքան ստվերային ծավալ ենք տեսնում, որ այսքանը վերացնելու դեպքում ՀՀ բյուջեն 2017 թվականին այսքան դառնա, ոչ թե աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի նման, ով ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չի լինելու երբեք նորմալ թոշակ տալու, որովհետև դատապարտված է: Իսկ ես ասում եմ, որ ՀՀ-ն հեչ էլ դատապարտված չէ»,- նշեց նա: