«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները միջնորդել են ամբողջությամբ փոփոխել դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի աղմկահարույց գործով վերաքննիչ բողոքների քննությունը մակագրվել է  ՀՀ քրեական  վերաքննիչ դատարանի դատավորներ Սերգեյ Չիչոյանին՝ նախագահող դատավոր, և դատավորներ Եվա Դարբինյանին և Գագիկ  Ավետիսյանին:

Վերաքննիչ բողոքներում պաշտպանական կողմը միջնորդում է   ամբողջությամբ բեկանել և փոփոխել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով բոլոր վեց  ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել  ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն  անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից  երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 118-րդ հոդվածով՝ ծեծը,  և դատապարտել  ազատազրկման  12 տարի ժամկետով և տուգանքի` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` 100 000 ՀՀ դրամի չափով:

Պաշտպանական կողմը  միջնորդում է  ամբաստանյալ Դավիթ Ադամյանի մասով կայացնել նոր դատական ակտ ` ճանաչելով և հռչակելով  նրա անմեղությունը:  Եվս երկու  ամբաստանյալների մասով պաշտպանական կողմը միջնորդում է  արդարացման դատական ակտ կայացնել, մասնավորապես, կողմը միջնորդում է   դադարեցնել Արման Խաչատրյանի քրեական հետապնդումը՝ կայացնելով արդարացման դատական ակտ, իսկ  Արման Բաղդասարյանի վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ կամ գործը նրա մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Պաշտպանական կողմը  երկու   ամբաստանյալների մասով միջնորդում է վերաորակել մեղադրանքը, մասնավորապես, ամբաստանյալ  Նորայր Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ   հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝  դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 118 -րդ հոդվածով, նշանակել արդարացի պատիժ,  իսկ ամբաստանյալ  Գարիկ Մարգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի 113-րդ  հոդվածի 1-ին մասով՝  դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:

Ամբաստանյալ  Արթուր Բաբլոյանի նկատմամբ պաշտպանական կողմը միջնորդում է  կիրառել  «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  ՀՀ ԱԺ-ի որոշման համապատասխան մասի դրույթները և  նրա մասով կարճել քրեական գործի վարույթը կամ նշանակել մեղմ պատիժ կամ  նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:




Լրահոս