Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում հրադադարի համաձայնագրի 20 ամյակի ընթացքում ձեռքբերումների, ԼՂ հիմնահարցի հետագա ճակատագրի մասին armlur.am-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
– Ըստ Ձեզ` ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20 տարիների ընթացքում, որո՞նք են ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի իրական ձեռքբերումները:
-Հրադադարի ամենակարևոր արդյունքը՝ պատերազմի բացակայությունն է: Լինում են սահմանային միջադեպեր, սակայն ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական օդուժի կիրառման բացառումը թույլ է տալիս խուսափել մեծաքանակ մարդկային զոհերից:
– Համաձայնագրի 20 ամյակին ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն ինչպե՞ս եք վերաբերվում, հատկապես «օկուպացված տարածքներ» բնորոշմանը:
– Համանախագահներն իրենց հայտարարության մեջ հիմնվում են Մադրիդյան սկզբունքների դրույթների վրա: Ես կարծում եմ, որ այդ սկզբունքները պիտանի չեն կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, ու, որոշ ժամանակ անց, երբ իրենք էլ վերջնականապես կհամոզվեն դրանում, բանակցային օրակարգն անհրաժեշտաբար թարմացվելու է՝ այն պետք է լրացվի հայ փախստականների հիմնախնդիրը հավուր պատշաճի ներառելու միջոցով: Առայժմ հայ փախստականների հարցն իրականում անտեսվել է ու թեև խոսվում է բոլոր փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց համար հավասար իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին, համանխագահները գործնականում հոգ են տանում բացառապես ադրբեջանցիների մասին: Սա խտրականության բացահայտ դրսևորում է:
– Սակայն սահմանում պարբերաբար տեղի են ունենում սադրանքներ, որոնք ակտիվացնում են պատերազմը վերսկսելու մասին խոսակցությունները: Ըստ Ձեզ ներկայիս իրավիճակում որքանո՞վ է հնարավոր, որ Ադրբեջանը կգնա այդ քայլին:
-Ադրբեջանը կարող է ակտիվ գործողությունների դիմել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն նրան ռազմաքաղաքական ու տեխնիկական աջակցության երաշխիքներ տան: Վստահաբար մեկ բան կարող եմ ասել՝ միջազգային նոր օրակարգում Ադրբեջանին առաջիկայում վերապահված է Ռուսաստանի ակտիվ թշնամին լինելու դերը:
– Ի վերջո, Ըստ Ձեզ՝ Ղարաբաղյան համարտության խնդիրը ե՞րբ կգտնի իր լուծումը:
– Փոխընդունելի զիջումների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ բանակցային օրակարգում ներառված կլինի հակամարտությունից տուժած բոլոր կողմերի ու մարդկանց կորուստների նկարագիրը և հաշվի կառնվի նաև կողմերի պատասխանատվության չափը պատերազմի սանձազերծման համատեքստում:
Նաիրա Հովհաննիսյան