Ծննդյան արարողությունն ավարտվել է սպանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ, 1989 թվականին ծնված Ռոբերտ Գալստյանը մեղադրվում է Վարդան Վարդանյանի սպանության մեջ:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ սպանության դրդապատճառներն սկսվել են այն բանից հետո, երբ սպանվածի ընկերը` Արթուր Խալաֆյանը, մասնակցել է իր ծանոթներից մեկի` Կարեն Անդրեասյանի ծննդյան արարողությանը, որի ժամանալ էլ տեղի է ունեցել միջադեպը:

Այսպես` ծննդյան արարողությանը հրավիրված է եղել նաև Անդրեասյանի ազգական Գրիշա Կոստանդյանը, ով խնջույքին ներկա աղջիկներից մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, ինչը զայրացրել է Արթուր  Խալաֆյանին, և նա նկատողություն է արել Կոստանդյանին:

Դրանից հետո վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է Կարենիսի ձորում, որտեղ Արթուր Խալաֆյանը Վարդան Վարդանյանի և մյուսների հետ խուլիգանական դրդումներով ծեծի են ենթարկել Գրիշա Կոստանդյանին և նրա ազգականներին:

Մեր տեղեկություններով` այս ամենից հետո Ռոբերտ Գալստյանն իր ընկերներ Գրիշա Կոստանդյանի, Վահե Ղավալյանի և Արթուր Մարտիրոսյանի հետ Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում` թիվ 3 միջն. դպրոցի դիմացի հատվածում` հանդիպելով այդ պահին ավտոմեքենայով միայնակ երթևեկող Վարդան Վարդանյանին, նախորդած վիճաբանությունների, ապա` վերջինիս կողմից իր ընկերներին ծեծի ենթարկելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով վիճաբանել է նրա հետ: Այս ընթացքում էլ Ռոբերտ Գալստյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Վարդան Վարդանյանի գլխի ծոծրակային հատվածին, ինչի հետևանքով Վարդանյանը նույն օրը ` ժամը 23:10-ին հիվանդանոցում մահացել է:

Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Գալստյանի մոտ եղած մոտ 19սմ շեղբի երկարություն ունեցող դանակի հարվածի հետևանքով Վարդանյանը ստացել է ծոծրակային շրջանի կտրած վերք, որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք` լյարդի վնասումով, ներքին ու արտաքին սուր արնահոսությամբ, ինչը համարվում է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայր` դատավոր Մխիթար Պապոյանի վարույթ:

Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես, նշվում է, որ այժմ Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող Ռոբերտ Գալստյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով: Քրեական հոդվածի հատկանիշների համաձայն` սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Տուժողի իրավահաջորդն է Չարենցավանի բնակիչ Նելա Սահակյանը:

Տաթև Հարությունյան 




Լրահոս