Հունվարի 11-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանը: Ինչպես հայտնի է, հենց նրա ղեկավարած խմբի փայլուն աշխատանքի շնորհիվ 1943թ. Թեհրանում հաջողվեց կասեցնել Ստալինի, Չերչիլի եւ Ռուզվելտի մահափորձը: Այս պատմական իրադարձության մոտիվներով էլ ժամանակին նկարահանվեց «Թեհրան 43» հայտնի ֆիլմը, որի գլխավոր դերակատարը մարմնավորում է հենց Գեւորգ Վարդանյանին: Ավելորդ է նշել, թե ինչպիսի պատմական նշանակություն ուներ 19-ամյա հետախույզի ղեկավարած խմբի առաքելության հաջող ավարտը, քանզի Հիտլերի ծրագրած մահափորձի իրականացման դեպքում դժվար է ասել, թե հիմա աշխարհն ինչպիսին կլիներ, եւ արդյոք քարտեզի վրա գոյություն կունենար Հայաստան անունով երկիր: Ասել է թե` Գեւորգ Վարդանյանը հենց միայն իր գործունեության այս դրվագով արդեն արժանի է հիշվելու որպես համաշխարհային պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած անձնավորություն, էլ չասած նրա հետագա` երեսնամյա գործունեությունն աշխարհի 80 երկրներում, ինչի մասին տվյալները մինչ օրս գաղտնի են պահվում: Վարդանյանը Խորհրդային Միությունում միակ հետախույզն էր, ով խաղաղ պայմաններում եւ իր կենդանության օրոք արժանացավ «Խորհրդային Միության հերոսի» կոչման: Այս լեգենդար անձնավորությունն իր ոչ պակաս հայտնի տիկնոջ` Գոհար Վարդանյանի հետ յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ազգի համար պարծանքի ու հպարտության առարկա կլիներ: Եւ պատահական չէր, որ նրա հոգեհանգստի արարողության ժամանակ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ընդգծված մեծարանքով` ծնկելով հետախույզի այրու առջեւ, շեշտեց իր հարգանքն ու ակնածանքը:
Իսկ ինչպիսի՞ն էր Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը: Որքան էլ տարօրինակ է, Սերժ Սարգսյանը բավարարվեց ընդամենը ցավակցական հեռագիր ուղարկելով: Մինչդեռ Վարդանյանն այնպիսի մեծություն էր, որի հուղարկավորությանը ՀՀ նախագահի մասնակցությունը ոչ միայն ցանկալի էր, այլեւ պարտադիր: Ծայրահեղ դեպքում նրան կարող էին փոխարինել վարչապետը կամ Ազգային Ժողովի նախագահը: Սակայն որքան էլ տխուր է, Վարդանյանի հուղարկավորությանը Հայաստանից որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չէր մասնակցում: Իսկ վարչապետն ու ԱԺ նախագահը հարկ չէին համարել անգամ պաշտոնապես ցավակցական հեռագիր ուղարկել Վարդանյանի ընտանիքին: Ինչ խոսք, դրանով Վարդանյանի հեղինակությունը մազաչափ չտուժեց, թերեւս հակառակը: Սակայն ինչպես ռուսներն են ասում` ջՈ ՊպՐՋՈՉց ՏոՌՊվՏ: Լավ, ամեն տեսակ միջակությունների շքանշաններ ու մեդալներ շռայլող Հայաստանի իշխանությունները մի՞թե չէին կարող ամանորյա կերուխումից ու նախընտրական ինտրիգներից մեկ օրով կտրվել ու մեկնել Մոսկվա` իրենց իսկ կողմից «Պատվո» շքանշանով պարգեւատրված մեծ հայորդուն վերջին հրաժեշտը տալու: Թե՞ լեգենդար հետախույզը Յապոնչիկի չափ էլ չկար:
ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ ԷԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ