ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցող Ջոն Պրեսկոտն իր անհավասարակշիռ պահվածքով պարզապես շոկի մեջ է գցել ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը: Բանն այն է, որ հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նրա նյարդերը չեն դիմացել, ու եվրոպացի դիվանագետը բռունցքով հարվածել է սեղանին:
Պրեսկոտը ԵԽԽՎ հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վիճաբանել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հետ: Վերջինս նրան է ներկայացրել 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ հիմնավորումները: Պրեսկոտն առարկել է` ասելով, որ իրենք դրա հետ կապ չունեն, պետք չէ այդ հարցով դիմել իրենց: Երբ Ռուստամյանն ասել է, թե ընդդիմության նախաձեռնության նկատմամբ կանխավ դեմ տեսակետ հայտնելն արդեն իսկ նշանակում է լինել կողմնակալ, Պրեսկոտը զայրացել է ու բոլորին անսպասելի կերպով հարվածել սեղանին: Բանը, սակայն, չի հասել քաշքշուկի եւ ձեռնամարտի: Ռուստամյանը եվրոպացի դիվանագետին խորհուրդ է տվել սեղանը չկոտրել ու զուսպ խոսել, ինչպես սովորաբար լինում է նման հանդիպումներում: Կարճ ժամանակ անց Պրեսկոտն իրեն հավաքել է, ու զրույցը վերադարձել է բնականոն հուն: Լարված է անցել նաեւ Պրեսկոտի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Պրեսկոտը հրաժարվել է նաեւ վերցնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած փաստաթղթերը: «Ժառանգություն»-ից ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե ակնհայտ է Պրեսկոտի կողմնակալությունը: «Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, մոնիթորինգի հանձնախմբին, ԵԽԽՎ քարտուղարությանն ու մյուս համազեկուցողին պետք է իրազեկենք այդ մասին»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ըստ մեր տեղեկությունների` խորհրդարանական մյուս ուժերի հետ Պրեսկոտի հանդիպումներն անցել են առանց նոր սկանդալների: Միջադեպեր չեն գրանցվել նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ: Երեկոյան արդեն ԵԽԽՎ համազեկուցողը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1837 բանաձեւի կատարման ընթացքը, Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի բարելավման եւ վերահսկման խնդիրները: Լեւոն Զուրաբյանը նաեւ քաղաքական գնահատական է տվել անցած տարվա դեկտեմբերին հրապարակված մարտի 1-ի վերաբերյալ ՀՔԾ զեկույցի կապակցությամբ: Այնուհետեւ ԵԽԽՎ համազեկուցողի հետ հանդիպել է Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել է Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարել ՀՔԾ-ի կողմից մարտի 1-ի սպանությունների, ինչպես նաեւ գնդակային եւ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած անձանց գործերի վերաբերյալ ոչ արդյունավետ քննության խնդիրներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս