«Պենտեկոստե» կրոնական կառույցի ղեկավարի դուստրը` դրամաշո՞րթ, թե՞ խաբեության զոհ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պենտեկոստե» կրոնական կառույցի գործունեության  մասին  armlur.am-ը մի քանի անգամ անդրադարձել է. մասնավորապես, ինչպես հայտարարել են Միացյալ երիտասարդական լիգայի ներկայացուցիչները, կրոնական այդ կառույցը  ծավալում  է քայքայիչ գործունեություն:

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն armlur.am-ի հետ զրույցում ներկայացրեց նոր մանրամասներ. «Պենտեկոստե» կրոնական կառույցը զբաղվում է ոչ միայն հոգեորսությամբ, այլև՝ դրամաշորթությամբ, ավելին` Խարբերդի մանկատնից «Պենտեկոստե»-ի ղեկավար Նինել Մովսիսյանը որդեգրել է մի  հիվանդ երեխայի, ում, Սևակ Հովհաննիսյանի պնդմամբ, շահագործում են, իսկ ավելի կոնկրետ`  որդեգրված այդ երեխան մաքրում է Նինել Մովսիսյանի աղջիկների բնակարանները:

«Պենտեկոստե-ից» տուժած մարդիկ են դիմել մեզ, որոնցից մեկն այս պահին ապրում է ԱՄՆ-ում: Նա մեզ ուղարկել է  60.000 դոլարի չեք, որտեղ գրված է` ինչ գումարներ է փոխանցել  սպառնալիքի տակ կրոնական այդ  կառույցին: Հետևաբար, «Պենտեկոստե» կրոնական կառույցը զբաղվում է ոչ միայն հոգեորսությամբ, այլև՝ թալանչիությամբ»,- վստահեցնում է Սևակ Հովհաննիսյանը:

Armlur.am-ին հաջողվեց կապ հաստատել «Պենտեկոստե» կրոնական կառույցի  ղեկավար Նինել Մովսիսյանի դստեր` Անուշ Շիրինյանի հետ: Վերջինս, լսելով մոր հասցեին ուղղված ՄԵԼ համահիմնադիր Սևակ Հովհաննիսյանի մեղադրանքները,  հերքեց դրանք: Անուշ Շիրինյանի պնդմամբ՝ իրականում ինքը դարձել է Սոնա Ավագյանի խաբեության զոհը:

Մեր զրուցակցի պնդմամբ՝ նախորդ տարի ինքը, սկայպով ծանոթանալով Սոնա Ավագյանի հետ, որը ևս, իր խոսքերով «հավատքի ու հոգևոր մարդ է»,  մոտավորախես  45.000 դոլար արժողությամբ «Օրիֆլեյմ» ընկերության ապրանքներ  է ուղարկել ԱՄՆ՝ Սոնա Ավագյանին` վաճառելու  և ստացվելիք հասույթը  հավասար բաժանելու նպատակով:   Բացի ապրանքներից` Անուշ Շիրինյանը Սոնային  ուղարկել է նաև մոտ 2000 դոլար արժողությամբ շղթա, որը Սոնան խոստացել է  վաճառել այնտեղ 4000 դոլարով, սակայն, ինչպես հավաստիացնում է Անուշ Շիրինյանը, ինքը ո՛չ շղթայի  գումարն է ստացել, ո՛չ  էլ շղթան:

Տեղեկացնենք, որ Անուշ Շիրինյանն «Օրիֆլեյմ» ընկերության  գրասենյակներից մեկի   տնօրենն է:

Ըստ նրա` Սևակ Հովհաննիսյանը կանգնած է խաբեբաների ու շանտաժ անողների կողքին:

«Ասում է` մենք շահագործում ենք որդեգրված երեխային: «Սուտ է, նման բան չկա: Այդ երեխան, որը իմ քույրն է` Անի Շիրինյանը, պատրաստ է պատիվ պահանջելու Սևակ Հովհաննիսյանից»,-  վրդովված ասաց կրոնական կառույցի ներկայացուցիչը:

Սակայն սա դեռ ամենը չէ: Անուշ Շիրինյանը նաև պնդում է, որ Սոնա Ավագյանը խաբել է ոչ միայն իրեն, այլև՝ տասնյակ մարդկանց, Հայաստանից «փախել ԱՄՆ»,  քանի որ ունեցել են մեծ թվով պարտքեր. «Սոնա Ավագյանը հիմա ԱՄՆ-ում ևս մի քանի մարդկանց գումարները յուրացրել է, ու այսօր նրա վրա դատական գործ կա»:

Մոտ մեկ տարի շարունակ որևէ գումար չստանալով` Անուշ Շիրինյանը, ինչպես ինքն է պնդում, հասկացել է, որ Սոնան իրեն խաբում է և չի հավատում այլևս Սոնայի այն հայտարարությանը, թե նրա ամուսինն, իբր, աղբն է թափել իր ուղարկած ապրանքները:

Անուշ Շիրինյանը պատրաստվում է թե´ Սևակ Հովհաննիսյանին, թե´  Սոնա Ավագյանին դատի տալ, քանի որ  Սոնա Ավագյանն իրեն խաբել ու չի վերադարձրել 45.000 դոլար գումար, իսկ Սևակ Հովհաննիսյանին դատի է տալու զրպարտելու համար:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև ԱՄՆ-ում գտնվող Սոնա Ավագյանի հետ: Վերջինս, սակայն, հերքեց 45.000 դոլարի մասին Շիրինյանի մեղադրանքները` ասելով. «Այդ ապրանքները եղել են  մոտ 600-700 դոլար արժողությամբ: Ես այդ չծախված ապրանքների դիմաց նրան ուղարկել եմ գումար և չէի ասել, որ  ապրանքը չի վաճառվել, քանի որ վախենում էի, որ Աստված կպատժի օծյալի ապրանքը չվաճառելու համար:

Բայց երբ տեսա, որ ամեն ինչ շատ է  ձգձգվում, ԱՄՆ-ում Անուշ Շիրինյանին ծանոթ մի կնոջ մոտ տարա ապրանքները, որ նա ետ ուղարկի Երևան: Անուշ Շիրինյանը շատ մեծ ախորժակ ունի: Ինքն ինձնից չվաճառված ապրանքի դիմաց 10.000 դոլար է ստացել: Ես կարող եմ  մի թուղթ ուղարկել, որտեղ միջազգային բեռնափոխադրող «Ֆեդեքս» ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում գնահատել է, թե Անուշ Շիրինյանի կողմից ինձ ուղարկված ծանրոցում ինչքան ապրանք է եղել»: 

Սոնա Ավագյանը պնդում է` ինքը Անուշ Շիրինյանի համար եղել է փողի աղբյուր, իսկ հիմա այդ աղբյուրը կտրվել է, ու նա դա ցավոտ են տանում:

«Ես որևէ մեկին որևէ բան պարտք չեմ»,- եզրափակեց Սոնա Ավագյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս