Ավիաընկերությունը 3 անգամ կեղծ տոմս է վաճառել լոռեցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող SUN WAY  ավիանկերությունը կեղծ ավիատոմսեր է վաճառում ՀՀ քաղաքացիներին:

Armlur.am-ին  հայտնի դարձավ, որ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի մի բնակիչ արդեն երրորդ անգամ Սեբաստիա 31 հասցեում գտնվող ավիատոմսերի վաճառքի կետից գնում է Երևան-Մոսկվա-Իրկուտսկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս, սակայն օդանավակայանի հաշվառման սրահում պարզում է, որ չվերթի ուղևորների ցուցակում իր անունը չկա:

Armlur.am-ը տեղեկացավ, որ քաղաքացին ընկերության ավիատոմսարկղից առաջին անգամ 135 հազար դրամ արժողությամբ տոմսը գնել է մայիսի 2-ին: Այդ օրը, սակայն, «Զվարթնոց» օդանավակայանից արգելել են նրան մեկնել` պատճառաբանելով. «Ձեր տոմսը առոչինչ է»:

Քաղաքացին SUN WAY-ի աշխատակից Իրինային է մոտեցել հաջորդ օրը և հայտնել, որ իրեն արգելում են մեկնել Մոսկվա:

Մեր տեղեկություններով՝ ավիատոմսարկղի աշխատակից Իրինան Ծաղկաբերի բնակչին նոր տոմս է տվել` մայիսի 9-ի ամսաթվով: Սակայն մայիսի 9-ին դարձյալ քաղաքացին չի կարողացել մեկնել, քանի որ տոմսը կեղծ է եղել:

Նա ստիպված է եղել նորից գնալ Սեբաստիա 31 հասցե` տոմսը կրկին փոխելու համար: Այս անգամ Իրինան բնակչին տվել է մայիսի 13-ի ամսաթվով տոմս, որը կրկին կեղծ է եղել, և երեկ քաղաքացին ստիպված է եղել մոտենալ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններից մեկին:

Օդանավակայանում գտնվող ականատեսներից մեկը Armlur.am-ին պատմեց, որ Ծաղկաբերի բնակիչը, անասելի զայրացած, ոստիկաններին խնդրել է կազմակերպել իր մեկնումը:

Թե ինչպես են արձագանքել ոստիկանները քաղաքացու բողոքին, մենք փորձեցինք պարզել Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից: Մեզ հայտնեցին, որ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակչի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են «Զվարթնոց»  օդանավականի ոստիակնության քննչական բաժին:

Armlur.am-ը կապ հաստատեց ավիաընկերության հետ, որտեղ մեր հեռախոսազանգին պատասխանեց մի աղջիկ, ով հրաժարվեց ներկայանալ, և մեր հարցին ի պատասխան ասաց. «Просто смешно!», և անջատեց հեռախոսը:

Ավելի ուշ, թերևս հասկանալով, որ իրավիճակն այնքան էլ ծիծաղելու չէ, ավիաընկերության աշխատակիցը զանգահարեց մեզ և պարզաբանեց, որ բնակիչը ստում է, և նրա մոտ տոմս չի եղել.

«Կեղծ տոմս չի եղել, ինքն ուզել ա վազվրատ անի տոմսը, ու մենք վազվրատ ենք արել: Հետո էկել ա, ասում ա, էտ նույն գնով իմ տոմսը վերականգնի, ես էլ չեմ կարում վերականգնեմ, որովհետև թանկացել են տոմսերը: Ու հիմա ինքն ինձնից պահանջում ա, որ ես թանկ տոմս իրան տամ: Բայց ո՞նց տամ, եթե մի 70- 80 հազարի տարբերություն ա տալիս»,- ասաց աշխատակիցը, և մեր հիշեցմանը, որ քաղաքացին վերջին անգամ այսօր է գնացել օդանավակայան, որտեղ իրեն արգելել են ուղևորվել, աշխատակիցը զարմանք հայտնեց. «Էսօ՞ր: Տոմս չունի ախր ինքը: Ինքը ի՞նչ ա տանում աէրոպորտ: Ես իրան տոմս չեմ տվել: Ուղղակի, Вы меня правильно поймите, ինքը տոմսը հետա տվել»,- շարունակելով խոսքը` ասաց աշխատակցուհին:

Վերջինս կրկին հրաժարվեց շարունակել խոսել մեզ հետ` պատճառաբանելով, թե իր երեխան լացում է, և ինքը կզանգի ավելի ուշ, իսկ ավելի ուշ դարձավ անհասանելի:

Տաթև Հարությունյան




Լրահոս