Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի (WBC) նախագահի՝ Մաուրիսիո Սուլեյմանի խոսքերով՝ գերծանրքաշային կարգում աշխարհի նոր չեմպիոն կանադացի Բերմեյն Ստիվերնն (24-1-1, 21 КО) առաջին հերթին պետք է մենամարտի պարտադիր հավակնորդ ամերիկացի Դիոնտե Ուայլդերի հետ (31-0, 31 КО), և ոչ մի դեպքում՝ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի (62-3, 52 КО):
Հիշեցնենք, որ Կլիչկոն վերջերս ցանկություն էր հայտնել Ստիվերնի հետ միավորիչ մենամարտ անցկացնել:
Միաժամանակ, WBC-ն հնարավորություն է տալիս Կլիչկոյին մանևրել, և եթե նրան հաջողվի համոզել Ուայլդերին մի կողմ քաշվել՝ վճարելով վերջինիս դրա դիմաց, կազմակերպությունը պատրաստ կլինի թույլատրել մենամարտը:
«Հաջորդ մենամարտում Ստիվերնը պետք է հանդիպի Ուայլդերին, ով համարվում է նրա պաշտոնական մրցակիցը: Վերջինս կարող է պայմանավորվել Կլիչկոյի հետ և մի կողմ քաշվել, բայց Ուայլդերի պրոմոուտերը՝ Golden Boy Promotions կազմակերպությունն արդեն հետաքրքրություն է դրսևորում մենամարտի կազմակերպման հարցում»,-ասել է Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը Boxingscene-ի հետ զրույցում: