
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Դաշնային պալատում մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի երեք համանախագահների` ազգային խորհրդականներ Ուելի Լյուենբերգերի, Դոմինիկ դը Բումանի և պետական խորհրդական Հանս Ալթհերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Հանդիպման սկզբում, խոսելով ՀՀ նոր կառավարության գործունեության և Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ վերջինիս ունեցած ծրագրերի մասին, դեսպանը նշել է, որ նոր կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնել և խորացնել հարաբերությունները Շվեյցարիայի և Հայաստանի միջև:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Փերինչեքի գործին և ընդգծել համակարգված աշխատանքների կարևորությունը Հայաստանի և Շվեյցարիայի իշխանությունների միջև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատում նշված գործի քննությանը լավագույնս պատրաստվելու նպատակով:
Դեսպան Ազնավուրը խորհրդարանական խմբի համանախագահների հետ քննարկել է նաև խմբի հնարավոր այցելությունը Հայաստան 2015թ.` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ինչպես նաև ներկայացրել է տարելիցին նվիրված Շվեյցարիայիում իրականացվելիք և համահայկական ծրագրերի նախնական գաղափարները: