Այն, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն առավելապես աչքի է ընկնում պոպուլիստական հայտարարություններով ու ելույթներով, վաղուց նորություն չէ: Թվում էր, որ անցած նախագահական ընտրություններից հետո խայտառակվելով` քաղաքական այդ կառույցը կփոխի աշխատաոճը, բայց ոչ:
Ամանորի տոների առիթով Օրինացը սկսել է նվերներ բաժանել: Դե իհարկե, եթե ԲՀԿ-ն ակնոց ու բժշկական սերտիֆիկատներ է բաժանում, սելիտրա ու տուկի թել, իսկ ՀՀԿ-ն` ժամկետանց ձեթ կամ կուսակցական տոմսեր, ինչո՞ւ ՕԵԿ-ը չպետք է բաժանի Արթուր Բաղդասարյանի «հալալ քրտինքով» արտադրած «հայասիները»` օղին, հյութը, սուրճն ու թեյը: Եթե մինչ այս Արթուր Բաղդասարյանը Գագիկ Ծառուկյանից տարբերվում էր նրանով, որ քաղաքական կերպար էր, ապա հիմա վստահ կարելի է պնդել, որ նա եւս իշխող կոալիցիայի անդամ օլիգարխ է` գուցե դիզած միլիոնների փոքր տարբերությամբ: Բայց այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Արթուր Բաղդասարյանը գովի ինքն իրեն: «Սա մեր Արթուր Բաղդասարյանն է, իր անաչառ, արդար պայքարով…», «Հենց այսպես էլ ապրում ենք օրինաց մեր երկրում»: Ֆորշի հայտնի երգի բառերն ՕԵԿ-ին վերագրելով` այս կուսակցությունը երգ է ձայնագրել եւ Ամանորի նվերների հետ միասին բաժանել մարզերի բնակիչներին: ՕԵԿ-ում հաշվի չեն առել, որ «անաչառ ու արդար պայքար» երգելով` իրականությունը չեն փոխում: Իսկ իրականությունն այն է, որ կոնկրետ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներին բաժանված ամանորյա «տոպրակների» մեջ եղել են բացառապես առանց ակցիզների օղիներ, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե իրավունք ունի գործարարն օղի արտադրել ու այն առանց ակցիզի նվիրել ինչ-որ մեկին, ՀՀ պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից պատասխանեցին. ««Ակցիզային հարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Ակցիզային հարկի սահմանված ապրանքների ներմուծումը կամ ՀՀ տարածքում այլ ապրանքներ արտադրողների կողմից դրանց օտարումը օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջեով վճարվող անուղղակի հարկ է: Նվիրելու դեպքում եթե օղիների վրա ակցիզ չկա, ապա դա նույնպես օրենքի խախտում է: Նվիրելը նույնպես օտարում է համարվում»:
Հիմա մնում է, որ հրապարակումից հետո Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը շտապ հրահանգ իջեցնի` տուգանելու «Հայասի» ընկերությանն ապօրինի գործունեություն ծավալելու համար: Իհարկե, դժվար է պատկերացնել:
Այնուամենայնիվ, փորձեցինք ՕԵԿ-ից պարզաբանումներ ստանալ, թե ինչու են օրենք խախտում եւ առանց ակցիզի օղի բաժանում բնակիչներին: ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանն ասաց. «Ամեն տարի` Ամանորի նախաշեմին, գրասենյակները կուսակիցներին նվերներ են բաժանում: Այդպիսի բան բացառվում է: Հնարավոր է, որ նման բան լինի միայն մի դեպքում, երբ ՕԵԿ տարածքային ղեկավարները խանութից գնելիս նկատած չլինեն, որ ակցիզը պոկված է: Գուցե ինչ-որ մեկը պոկել է: Թե չէ բացառվում է, որ ՕԵԿ-ն առանց ակցիզի խմիչք բաժանի»: Նախ նկատենք, որ ոչ թե կուսակիցներին են բաժանվել օղիները, այլ մասսայական, իսկ գուցե «Հայասին» ե՞ւս աշխատում է օրենքից դուրս: Ինչո՞ւ է բացառվում այս տարբերակը:
Ինչեւէ, դառնանք քարոզչական սկավառակի կոնկրետ բովանդակությանը: ՕԵԿ-ն իրեն գովազդում է «նոստալգիկ» դրսեւորումներով: Կադրեր են ցուցադրվում ինչ-որ հանրահավաքից` պաստառներով, բավականին մարդաշատ, եւ էկրանին գրված է` Երեւան, 2011: Երկար ժամանակ տրամադրեցինք 2011-ին ՕԵԿ-ի անցկացրած մարդաշատ հանրահավաքի մասին ինչ-որ բան իմանալու համար, բայց չստացվեց: Չստացվեց, որովհետեւ այդպիսի հանրահավաք պարզապես չի եղել: ՕԵԿ-ը նախորդ խորհրդարանական ընտրությունների օրերի (դատելով մարդկանց հագուստից` տաք եղանակ է) կադրերն է մատուցում որպես 2011-ին կայացած հավաք` մարդկանց մոտ տպավորություն ստեղծելով, թե ՕԵԿ-ն առաջվա պես ընկալվում է հասարակության շրջանում:
Իսկ ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի խոսքին, ապա նա բառացիորեն արձանագրում է. «Պաշտոնական տեղեկագրի համաձայն` ՕԵԿ-ն ԱԺ ամենաակտիվ խմբակցություններից մեկն է»: Սովորաբար պաշտոնական որոշումներն են հրապարակվում տեղեկագրում: Իսկ թե ինչ կապ ունի տեղեկագիրը խմբակցության գործունեության գնահատականի հետ, անհայտ է: Բայց դա չի խանգարում Արթուր Բաղդասարյանին երկրում տեղի ունեցած բոլոր երեւույթները վերագրել իրեն. ավանդների վերադարձը, ուսանողական վարկերը, որոնք տրվում են 20 տարով, ՕԵԿ-ը որպես իր աշխատանքի արդյունք է մատուցում: Լավ սովորող ուսանողների անվճար կրթությունը եւս ՕԵԿ-ի ձեռքբերում է ներկայացվում: «Մենք ասել ենք, որ պետք է փոքր ու միջին բիզնեսին խրախուսել, փայփայել, գուրգուրել,-ասում է «Հայասի» գրուպի սեփականատերը եւ ավելացնում,-մենք չպետք է դառնանք օլիգարխիկ երկիր, տնտեսություն, չպետք է թողենք, որ երկիրը 15-20 մարդու սեփականություն լինի»: Եւ սա ասում է այն մարդը, որը, պետության լծակներն օգտագործելով, օլիգարխ է դարձել եւ ունի անձնական «օգտագործման» գյուղնախարար, որը եւս «պետության» հարցերը լուծում է հօգուտ իր կուսակցության «բոսի»:
Ու քանի որ Արթուր Բաղդասարյանի ձեռքը զարկերակին է, ուստի նա նաեւ դժգոհություններ ունի. եւ այդ սլաքն ուղղված է հիմնականում Երեւանի քաղաքապետի դեմ (որոնք բոլորը եղել են ՀՀԿ-ական կամ համակիր): «Ո՞վ չի տեսնում աղբահանության տխուր վիճակը, ավերված կանաչ տարածքներն ու այլանդակ քաղաքաշինական լուծումները»,-հարցադրում է կատարում Բաղդասարյանը` բացատրելով, որ իրենք միշտ ասել ու ասում են այդ մասին: Իսկ թե ինչ է փոխվել խոսելով, անհայտ է մնում:
Մի խոսքով, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է:
ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՕՐԻՆԱՑ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ