«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե այս նախագիծը պետք է ապահովեր թափանցիկություն, սակայն նրա խոսքով եղավ այն, որ տնտեսվարողները միլիոնավոր դրամներ են վճարում մի թղթի համար, որը որևէ իրավական ուժ չունի:
«Երբ որ նայում ենք, այն կազմակերպությունները, որոնք ստացան աուդիտի լիցենզիա, շատ լավ տեսնում ենք, թե որ անձի հետ է փոխկապակցված: Երբ որ տեսնում ենք, թե որ կազմակերպություններն են, որ հանկարծ շատ օբյեկտիվ, անաչառ մրցույթի արդյունքում զրկվեցին այդ որևէ պատասխանատվություն չենթադրող աուդիտն անցկացնելու հնարավորությունից, տեսնում էինք, թե ովքեր էին, որ դուրս մղվեցին: Ի՞նչ տրամաբանություն՝ վերցնել մի թուղթ, ես չեմ ուզում ասել փաստաթուղթ, որովհետև փաստաթուղթ կոչվում է այն գրությունը, որը ենթադրում է պատասխանատվություն, որն ունի իրավական արժեք և այնուհետև ասել՝ գիտեք, ես իմ գրածի համար որևէ պատասխանատվություն չեմ կրում։ Դա աբսուրդ է», – նշեց նա:
Պատգամավորի խոսքով` գաղափարը ինքին լավն էր սակայն երբ տեսնում ենք, թե ովքեր դարձան աուդիտորական իրավունք ստացողներ` պարզ է դառնում այդ ինստիտուտի իրական նպատակը:
Նա ԲՀԿ-ի անունից նշեց, թե իրենք դեմ չեն թափանցիկությանը և առաջարկեց. մշակել պատասխանատվության ինստիտուտ ենթադրող աուդիտ:
«ԲՀԿ-ն քննարկել է այսօր խմբակցությունում, մենք գտնում ենք, որ պարտադիր աուդիտը պետք է հանվի և նաև քննարկում ենք, պատրաստում ենք օրենքի նախագիծ և կքննարկենք նաև քառյակի մեր գործընկերների հետ, նաև այն բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր կցանկանան որպեսզի ներառվի իրական իրավական լուրջ պատասխանատվություն ենթադրող աուդիտի մեխանիզմ», – եզրափակեց նա։