«Եթե հանքարդյունաբերության ոլորտը համարում եք կոռումպացված, ապա ցանկացած ոլորտ իր մեջ պարունակում է կոռուպցիայի էլեմենտներ»:
Դե իհարկե, կոռուպցիան ո՛չ երկրի վրա է, ո՛չ էլ երկնքում: Ըստ հայտնի հանքահենի` ամեն ինչ ընդերքից է սկսվում: Գեղեցիկ բնորոշում է, ու կարելի է պատկերացնել, թե կոռուպցիան, ընդերքում խորը արմատներ ձգելով, ինչպես է վեր խոյանում երկրի երես ու հասնում մինչեւ երկինք: Ընդ որում, տեսանելի հատվածում կամ այլ կերպ ասած` երկրի վրա, ընդամենը կոռուպցիայի էլեմենտներն են երեւում, ինչն էլ հնարավորություն է տալիս ենթադրելու, որ կաշառակերության մասին շարքային մահկանացուներիս պատկերացումները չափազանց սահմանափակ են: Դրանց արմատները միայն պայթուցիկների միջոցով կարելի է դուրս հանել` ինչպես, օրինակ, ոսկին ու մոլիբդենը: